Զինկոմիսարիատի աշխատակիցը 200 ԱՄՆ դոլար գումար է պահանջել՝ զինվորական գրքույկը տրամադրելու համար. մանրամասներ ՔԿ-ից

ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու՝ կաշառք ստանալու կասկածանքով։

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունում կորցրած զինվորական գրքույկը վերականգնելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի սկզբին դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ Ա. Մարգարյանին: Ըստ քաղաքացու՝ Ա.Մարգարյանը տարբեր պատճառաբանություններով 1 շաբաթ շարունակ հրաժարվել է վերականգնել իր զինվորական գրքույկը, որից հետո՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին, իր աշխատասենյակում 200 ԱՄՆ դոլար գումար է պահանջել՝ նոր զինվորական գրքույկը տրամադրելու համար։

Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ա.Մարգարյանը ձերբակալվել է։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց։

Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ