«Ամեն ինչ խարսխվում է  արժեքային համակարգի վրա». ի՞նչ են ուզում փոխել «Գործում են երիտասարդ քաղաքացիները» ծրագրի մասնակիցները

Ամեն ինչ կառուցվում է արժեքային համակարգի հիման վրա: Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից իրականացվող «Գործում են երիտասարդ քաղաքացիները» ծրագրի հերթական սեմինարին ասաց ասոցիացիայի հիմնադիր անդամ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը: Նա մասնավորապես նշեց. «Ամեն ինչ խարսխվում է  այդ արժեքային համակարգի վրա, ձեր ընտրած արժեքային համակարգը ուղղորդելու է ձեզ գիտակցական կյանքի ընթացքում»,- պարոն Զադոյանը նաև մանրամասնեց, օրինակ բերելով բուհական համակարգից. «Ընդունենք որևէ համալսարանում մարդիկ ընդունվում են կաշառքով, ավարտում են կաշառքով ու հովանավորչությամբ, բնականաբար նրանց մոտ ձևավորվում են սև արժեքներ: Այսինքն՝ անձը, որքան գումար որ տվել է որպես կաշառք, հետո փորձելու է այն ետ ստանալ կաշառք ստանալու տեսքով: Ինձ համար առաջնայինը արժեքային համակարգն է»:

Երիտասարդ քաղաքացիների արժեքային համակարգը հասկանալու համար Կարեն Զադոյանի նախաձեռնությամբ նրանք մասնակցեցին Հակակոռուպցիոն արժեքների խաղին՝ բաժանվելով երեք խմբերի: Յուրաքանչյուր խմբում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց նախընտրած հակակոռուպցիոն մեկ արժեք, բոլոր մասնակիցները միասին առաջարկված հակակոռուպցիոն արժեքներից ընտրեցին 3 ամենակարևոր արժեքները, դրանք են՝ լեգիտիմ իշխանություն (20 ձայն), սոցիալական արդարություն (17 ձայն) և անկողմնակալություն (15 ձայն):

«Գործում են երիտասարդ քաղաքացիները» ծրագրի միջոցով երիտասարդները հնարավորություն կունենան իրենց արժեքներն ու գաղափարները հաղորդել հանրությանը:

Նրանցից Անի Օրդյանը Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր համայնքից է, սովորում է ԵՊՀ-ում: Անին ասում է, որ ծրագիրն իրենց հնարավորություն է ընձեռում արմատապես հասկանալ համայնքային խնդիրներն ու դրանց տարբեր տեսանկյունից նայել: Այնպես որ ծրագրի շնորհիվ Անին որոշել է զարգացնել իր համայնքում մշակութային և սպորտային օջախները: Նա նշում է, որ գյուղում տրանսպորտ չկա, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում բնակչության համար. «Ես նպատակ ունեմ հեծանվային սպորտի ակումբ, որի միջոցով նախ երեխաներին կապահովենք հեծանիվներով, այնուհետև դասընթացներ կանցկացնենք ու այդ հեծանիվները երեխաների համար կծառայեն որպես տրանսպորտի միջոց: Երեխաները կարող են օգնել տարեցներին՝ իրենց գնումների ժամանակ»:

Քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող Տիգրան Մուղնեցյանը վստահ է՝ մեր երկրում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կոռուպցիան, որը հասարակության կենսական ուժերը խլում է. «Որոշեցինք, որ առաջնահերթ պետք է զբաղվենք պատճառների պատճառով, փորձենք վեր հանել ու հասարակությանը հակակոռուպցիոն մեխանիզմներ ցույց տալ, ստեղծել կանխարգելիչ մեխանիզմներ»,- ասում է Տիգրանը:

Նշենք, որ «Գործում են երիտասարդ քաղաքացիները» ծրագիրը քաղաքացիական գրագիտության և արժեքների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված տասը ամիս տևողությամբ նախագիծ է, որի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել քաղաքացիական գիտակցության մակարդակը՝ տալով համապատասխան գիտելիքներ և հմտություններ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Նախագծի շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ունենում զարգացնելու  իրենց գիտելիքներն ու կարողությունները հասարակական կարևորություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առաջնորդությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացիական կրթությունն ու հանրային արդյունավետ կառավարումը, կամավորությունը և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել