20 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորի գործը վերաքննիչ ատյանում է

Քսան հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար առաջին ատյանի դատարանի կողմց 8 տարի ազատազրկման դատապարտված դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործը քննվում է վերաքննիչ ատյանում: Այսօր դատավորի իրավունքների պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացրել են իրենց բողոքի մի մասը:

Կարեն Թումանյանը՝ դատավորի փաստաբանը, հաղորդեց, որ Խաչատուր Խաչատրյանի մասով բերված վերաքննիչ բողոքը դատավարական և նյութական իրավունքի խախտման վերաբերյալ է: Այսօր դատարանին ներկայացվել է դատավարական իրավունքի խախտմանն առնչվող բողոքի հատվածը: Դատավորը նիստերի ներկա էր, նրա առողջական վիճակը նորմալ էր:

Գործը քննվում է Վերաքննիչ քրեական դատարանի հետևյալ երեք դատավորների կազմով՝ Սևակ Համբարձումյան (նախագահող դատավոր), Արշակ Խաչատրյան և Մանուշակ Պետրոսյան: Հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 17-ին:

Հիշեցնենք՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ