Դատավորը հրաժարվել է ցուցմունք տալ և հայտարարությամբ հանդես գալ

Հոկտեմբերի 27-ին ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալված դատավոր Իշխան Բարսեղյանը հրաժարվել է կասկածյալի կարգավիճակում ցուցմունք տալ: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց դատավորի իրավունքների պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Նա նաև հաղորդեց, որ դատավորը չի ցանկացել նաև հայտարարությամբ հանդես գալ:

Մեր զրուցակիցը փոխանցեց, որ այս պահին տեղի է ունենում Արդարադատության խորհրդի նիստը, խորհուրդը առաջիկայում դատավորի մասով կկայացնի իր որոշումը:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Ծանուցում: Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ