Սա նախադեպ է. Քաղավիացիայի պետը «Շիրակ» օդանավակայանի թռիչների մասին

«Սա նախադեպ է»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածությանը, որ թռիչքներ են լինելու Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:

«Այնքանով է նախադեպ, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ձևաչափով, որ ձևաչափով պետք է լինի: Մասնավորապես կհիշեք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը նախատեսել ենք զարգացնել, սա հենց այդ դասական օրինակն է»,- նշեց պարոն Ավետիսյանը:

Նա նախ խոսեց քննարկված թեմային, որ տոմսերի նվազագույն գինը՝ 10 հազար դրամն է. «Այո, այդ 10 հազար դրամի համար շատ է քննարկվում, ինքնաթիռները սեգմենտավորված տոմսեր են վաճառում, ես նկատի ունեմ X քանակի տեղերը X գնով, երբ մենք հայտարարեցինք, որ սկսած 10 հազար դրամից, այո այդպես էլ կա: Դուք կարող եք մտնել «Պոբեդա» ավիաընկերության կայքէջն ու տեսնել, որ իր կողմից սպասարկվող ուղղությունները սկսվում են 999 ռուբլիից, եթե չեմ սխալվում դա կազմում է 7500 դրամ, այո, ես վստահ եմ, որ այդ ուղղության վրա նման գներ են լինելու»,- ընդգծեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ:

Նա նաև տեղեկացրեց, որ «Շիրակ» օդանավակայանից թռչելու են Բոինգ 737-800 տիպի ինքնաթիռ, որը նախատեսում է շուրջ 180 տեղ. «Իրանք վաճառում են «սկսած՝ մինչև» ձևաչափով, պարզ է՝ վերևի շեմը չի լինելու բարձր, որովհետև օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի նրանում, որ այն մատչելի և այլ տրամաբանությամբ տոմսեր առաջարկի: Շիրակի գները ավելի էժան են, քան Զվարթնոց օդանավակայանինը»,- նշեց ավիացիայի պետը՝ հավելելով, որ Զվարթնոց օդանավակայանը իջեցրել է իր գները:

Իսկ վերջում պարոն Ավետիսյանը ընդգծեց. «Թող հանկարծ չթվա որևէ մեկին, որ ես ասում եմ, թե Հայաստանի տոմսերն էժան են, ո՛չ, կան բազմաթիվ խնդիրներ, տոմսերը կէժանանան ու սա առաջին քայլն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել