Գյուղատնտեսության տեխնիկայի պետական տեսչությունը լուծարվում է. նախարարը տեղյակ չէր

Գյուղատնտեսության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում կառավարությանը պետք է ներկայացնի նախագիծ և գերատեսչության ներքո գործող գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարի:

Նման հանձնարարություն այսօր գործադիրի նիստին տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այս տեսչությունն ընդհանրապես որևէ արդյունավետ գործառույթ չունի անելու:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը վարչապետի հանձնարարականից անակնկալի եկավ և ասաց, որ ընդհանրապես տեղյակ չի եղել այդ հանձնարարության մասին, այնպես որ խնդրեց մանրամասներ ներկայացնել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մանրամասնեց. «Գործում է տեսչական բարեփոխումների խումբ, ուսումնասիրվել են բոլոր տեսչությունների գործառույթները, մի շարք տեսչություններ, որոնց գործառույթները ընդհանրապես երկրին ու բիզնեսին օգուտ չեն տալիս, դրանք վերացվում են: Տվյալ պարագայում, առաջարկն այն է, որ եթե խոսքը վերաբերում է պետհամարանիշներ տրամադրելուն և վարորդի իրավունքը վարելու՝ օգտագործելու այդ մեքենաները, ապա այդ գործառույթը ոստիկանությունը կատարում է, այդ մասով տալիս ենք ոստիկանությանը, մյուս բոլոր մասով լուծարում ենք»:

Վերջում նախարարը խոստովանեց, որ ինքը նույնպես կողմ է այս մոտեցմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել