Ինչո՞ւ էր պատգամավորը ԱԺ բերել ԴԱՀԿ-ից ստացած որոշումը

Մեկ էջ թուղթ էր Ազգային ժողով բերել պատգամավոր Աղվան Վարդարյանը: Նա ներկայացնելով այն ասաց, որ բերել է բռնագանձման մասին որոշում ԴԱՀԿ-ից: Ըստ պատգամավորի հարկադիր կատարողը որոշել է 5000 դրամ կատարողական վարույթ հարուցել, ինչպես նաև որպես կատարողական վարույթի ծախս բռնագանձել 2500 դրամ. «Երկրորդ 7500 դրամի չափով արգելանք դնել այսինչ-այնինչյանի գույքին պատկանող գույքի վրա»,- որոշումից հատված կարդաց պատգամավորը և հավելեց, որ որոշումն ինքը չի ստացել, իր մեքենավարը տարին մեկ անգամ խախտում է անում. «Այդուհանդերձ, պարոն կառավարություն՝ որ արագաչափերի, տեսախցիկների և այլնի մասով լուրջ խնդիր ունենք և այստեղ նոր կառավարությունն անելիք ունի, ակնհայտ է, բայց այս պարագայում ինձ հետաքրքրում է կատարողական գործողությունների կատարման 2500 դրամ ծախսի անատոմիան: Խնդրում եմ մանրամասն նկարագրեք՝ ինչ է անում հարկադիր կատարող, այս դեպքում Վոլոդիա Մինասյանը, որ մեր քաղաքացիներից 2500 դրամ է գանձում, ձեզ այս թիվը շատ չի թվում»,- հարցրեց նա:

Պատգամավորի հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ԱԺ-ում շատ է խոսվել ԴԱՀԿ-ի, արագաչափերի ու կարմիր գծերի հետ կապված խնդրին, ուստի այդ հարցին չի անդրադառնա: Նա նաև պարզաբանեց, որ Վարչական իրավախախտումների նոր օրենսգիրքը այս խնդիրներին մեծամասամբ լուծում կտա. «Խոսքը կվերաբերի նաև քաղաքացու ֆինանսական, նյութական վիճակով պայմանավորված տուգանքների գանձումներին, սա չափազանց կարևոր նշանակություն կունենա, որ տարբերակված մոտեցում հնարավոր լինի մտցնել»:

Ինչ վերաբերում է ԴԱՀԿ-ին, ապա ասաց, որ չի բացառվում կատարողական գործողությունների կատարման ծախսի հարցում վերանայման խնդիր դրվի. «Սակայն, սա մի կողմից այն նվազագույն թիվն է, որը որոշված է, թե ինչ է կատարում ծառայությունը, որոշակի գումար կա, որ գանձվում է, կոնկրետ այս դեպքի հետ կապված, պետք է ստուգել 3000 գերազանցող ակտեր են լինում, կոնկրետ ակտի հետ կապված, եթե թույլ տակ հետևողական լինել, մանրամասն կասեմ Ձեզ: Բայց կոնկրետ ակտի տեսանկյունից սա պետության կողմից նախատեսված նվազագույն ծախսն է»,- փոխանցեց պատգամավորը:

Արփինե Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ կա վարչապետի հանձնարարական, որ ՃՈ համակարգի ու ԴԱՀԿ-ի հարցում պետք է հստակ ուղղություն որդեգրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել