Որևէ մեկը նախարարի տեղակալի համար բջջային հեռախոս չէր գնում

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր անդրադարձավ կառավարության նիստից հետո լրատվամիջոցներով քննարկված այն հարցին, որ գերատեսչություններից մեկի փոխնախարարին տրամադրվում է բջջային հեռախոս:

Դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նա ասաց. «Դուք լուրջ բարեփոխումներ եք անում հենց կառավարության աշխատակազմի կարգավորման համար: Վերջերս եղավ մի զավեշտալի դեպք, երբ կառավարությունը քննարկում էր փոխնախարարներին բջջային հեռախոս տրամադրելու մասին, Դուք շատ դիպուկ արձանագրեցիք, որ նման հարցերը չպետք է հասնեն կառավարություն: Եթե որևէ չինովնիկ իր ավտոմեքենան օգտագործում է անձնական օգտագործման համար, ապա նրա բենզին են տալիս, ոչ թե: Հավանաբար նախարարի տեղակալին Iphone 7 են տալիս, այսինքն՝ փոխնախարարը, որի աշխատավարձը 3-4-5 անգամ ավելի շատ է քան շարքային աշխատողի, հեռախոս է ստանում բյուջեի հաշվին, իսկ շարքային աշխատողն իր սեփական բջջային հեռախոսով է: Գուցե նաև հանձնարարեք, որ նման ծախսերի վերաբերյալ ռևիզիա կատարվի ու մենք տեղյակ լինենք, թե այդ գումարներն ինչպես են ծախսվում»:

Պատգամավորի հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով. «Հավանաբար թյուր տեղեկատվություն է հասել, որովհետև որևէ մեկը նախարարի տեղակալի համար բջջային հեռախոս չէր գնում, մենք ընդամենը հաստատում էինք րոպեների թվաքանակը, որը նրան թույլատրված է օգտագործել, որևէ հեռախոս չի տրամադրվում, հավանաբար մեր լրագրողները վրիպել են»,- նշեց նա՝ մասնավորեցնելով, որ խոսքը գնում է արտաքին գործերի նախարարության մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել