Այլապես սա կոռուպցիոն ռիսկերի տեղն է դառնալու. Հովհաննես Սահակյան

Այսօր արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը խորհրդարանին ներկայացրեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է զբաղվածության կենտրոնների միջոցով ապահովել դատապարտյալների մասնագիտական ուսուցման և աշխատանքի հարցը:

Նախագծի մասին կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ով շեշտեց, որ հարկավոր է լուրջ ուսումնասիրություն իրականացնել՝ հասկանալու համար, թե նույն զբաղվածության կենտրոնները շարքային քաղաքացիների հետ աշխատելիս ինչպիսի՞ արդյունք են տալիս. «Մենք պետք է դնենք հստակ մեխանիզմներ, թե ինչպես շահագրգռել նույն գործատուին, դատապարտյալին ու ինչպես պետք է այդ աշխատանքը սովորելուց հետո իրականացնեն»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ մեր իրականությունում մարդը, ով հայտնվել է բանտում, այնտեղից շատ հաճախ դուրս է գալիս որպես պատրաստի հանցագործ. «Մենք, եթե մի փոքր ազնիվ լինենք և խոսենք, այսօր, եթե մարդը հայտնվել է կալանավայրում, դատապարտվել է ազատազրկման և ուղղիչ աշխատանքային գաղութում իր պատիժն է կրում, շատ դեպքերում, եթե պատահական է հայտնվել, իր ինքնասիրությունը պահելու համար է այնտեղ, այնտեղից դուրս է գալիս արդեն իսկ պատրաստի հանցագործ՝ որոշ դեպքերում»,- ուստի պատգամավորն առաջարկում է այս հանգամանքը նկատի առնել ու փորձել առանձնացնել այն մարդկանց, ովքեր պատրաստ են ծրագրին մասնակցել՝ կրթվել ու աշխատանք գտնել:

Հակառակ դեպքում, հանրապետական պատգամավորի համոզմամբ, սա կոռուպցիոն ռիսկերի եղանակ է դառնալու. «Այլապես ստացվելու է հետևյալը՝ մենք ունենալու ենք լավ գաղափար, որին որևէ մեկը դեմ չարտահայտվեց, բայց իրականացման մեխանիզմները պետք է միասին գտնենք, և հերթական անգամ, ես չեմ խորշի այս միտքն օգտագործելու՝ կոռուպցիոն ռիսկերի տեղն է դառնալու, գալու են, այդ ծրագրերի տակ հերթական գումարները դրվելու է և դուրս է գալու մեկ այլ խնդիր, դատապարտյալները գնալու են, իբրև թե իրենց աշխատանքը իրականացնում են ու որևէ արդյունք չի տա»,- ընդգծեց պարոն Սահակյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ