Հիմա մեզ «դեֆոլտ» սպառնու՞մ է, թե ոչ. Թևան Պողոսյան

Ազգային ժողովի այսօրվա նիստին հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Թևան Պողոսյանը.

«Հարցը, որ այսօր ուզում եմ հնչեցնել, սա է. հիմա մեզ «դեֆոլտ» սպառնու՞մ է, թե ոչ։ Հարցը պատահական չէ, քանի որ այս օրերի ընթացքում երևի միայն սպորտի նախարարությունը չի խոսել այս մասին։

Իմ համոզմունքն է՝ այո՛։

Այո՛, Հայաստանի Հանրապետությանն այսօր «դեֆոլտ» է սպառնում։ Եթե հիմա սա չընկալվի, ընդամենը ամիսներ անց հետևանքները ծանր են լինելու։

Բայց խոսքս ամենևին էլ այն դեֆոլտի մասին չէ, որն իրար հերթ չտալով բացառում են մեր պետական չինովնիկները, այսինքն խոսքս պետության ֆինանսական անվճարունակության մասին չէ ամենևին։ Այդ հարցում ես, իմիջիայլոց, հանգիստ եմ։ Ի վերջո պետության ֆինանսական կայունության համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է, որտեղ աշխատում է իրոք փայլուն թիմ։ Ինստիտուցիոնալ կայացման առումով մի երկու տասնամյակ հետ մնացած կառավարության կառույցները որքան էլ համը հանեն, միևնույն է, Կենտրոնական բանկը գտնելու է վիճակը փրկելու բանալին. այդ հարցում ես կասկած չունեմ։

Խոսքս հասարակության հույսերը գոնե նվազագույնս բավարարելու «դեֆոլտի» մասին է։ Վերջին ամիսների ընթացքում մենք այնքան խոսեցինք նոր սահմանադրության մասին, այնքան խոսեցինք բոլորով ձեռք-ձեռքի տված ու ընդունած ընտրական օրենսգրքի մասին, այնքան երազ պատմեցինք պուպուշ երկիր կառուցելու մասին, այնքան խոսեցինք կոլեկտիվ պատասխանատվության մասին, ժողովրդավարական կառավարման մասին, որ մարդիկ մեռցրած հույսները կամաց-կամաց սկսեցինք կենդանացնել։ Հիմա շատերը գալիք ընտրություններից հեքիաթ են ակնկալում։ Խեղճ մարդիկ։ Մի՞թե Վանաձորը պարզորոշ ցույց չտվեց, որ գալիք ընտրությունները չլպոցով ապտակ են լինելու հանրային հույսերի այտերին։ Ամեն ինչ դրա համար պատրաստ է կարծես։

Երկու օր առաջ նոր վարչապետը հրապարակավ պնդում էր, որ կոլեգիալ որոշումների մեջ մեծ վտանգ կա։ Սա ուղիղ մեջբերում է։ Ի՞նչ նոր սահմանադրություն, ի՞նչ խորհրդարանական կառավարում, ի՞նչ պատասխանատվության կիսում։ Պատրաստվե՛ք երկու տարուց մաքուր նախագահական կառավարման մոդելի նոր սահմանադրություն գրելու, իմ սիրելի՛ պրոֆեսիոնալ իրավաբաններ։ Դժվար չէ կանխատեսելը»։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել