Հայհոյել ու բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում 44-ամյա բնակիչը ՀՀ ԿԱ առընթեր ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի մոտ հայհոյել է ոստիկանության համազգեստով ծառայության մեջ գտնվող ոստիկանության երեք աշխատակիցներին: Տղամարդը, չենթարկվելով հայհոյանքները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, քաշքշել է նրանց հագուստներից, ոտքով դիտավորությամբ հարվածներ հասցրել:

Դեպքի առթիվ հոկտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և նույն օրը 44-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Քննությամբ պարզվել է, որ տղամարդը 2000 թվականից հաշվառված է «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ ընկերությունում` «էմոցիոնալ անկայունության խանգարում` իմպուլսիվ տիպ» ախտորոշմամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել