Երթևեկության նոր փոփոխությունը. ի՞նչ է պետք իմանալ

Այսօր Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացրել են, որ 2016 թ. հոկտեմբերի 26-ից Երևանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչի արդյունքում՝ Արգիշտի փողոցով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի Ոսկերիչների փողոց, իսկ Հաղթանակի կամրջով դեպի Արգիշտի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունն այսուհետև կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով, որոնք մինչ այդ նշված ուղղությամբ երթևեկում էին անընդհատ՝ մշտական կանաչ ազդանշանի առկայությամբ (Դիտեք նաև տեսանյութը լիարժեք պատկերին ծանոթանալու համար):

Այս որոշմամբ, փաստորեն Հաղթանակի կամրջով Արգիշտի փողոց գնացողները պետք է կարմիր լույսի տակ կանգնեն: Որոշումը դժգոհություն է առաջացրել սոցիալական ցանցերում, օրինակ՝ օգտատերերից մեկը գրել է. «Ընենց են անում 3-րդ մասից առավոտ դուրս գալ չլինի: Առաջ Իսակովի խցանումը հասնում էր մինչև 3-րդ մաս, հիմա մինչև Արգավանդ կհասնի, գումարած Մայիսի 9-ի խաչմերուկը ամեն օր 8,30-10,30-ը 300 մետրը 30 րոպեում ես անցնում», մեկ այլ օգտատեր էլ հարցնում է. «Քանի՞ մեքենա է մտնում օրեկան Ոսկերիչների փողոց: Շատ քիչ. տեսնես ո՞ւմ մտահաղացումն է», մի ուրիշ օգտատեր անդրադարձել է Հաղթանակի կամրջի խնդրին՝ գրելով. «Հաղթանակ կամուրջի ծանրաբեռնելը կարող է շատ մեծ բացասական ազդեցություն ունենա, միաժամանակ այդքան մեքենա, որ կանգնի կարմիրի տակ, Աստված չանի, բայց մի օր կարող է քանդվել կամուրջը»:

«Աքիլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով՝ այս որոշումը ճիշտ է. «Ներկայումս կուտակում է լինում Արգիշտի ու Խորենացի հատվածում, որպեսզի այդ կուտակումը չլինի այդտեղ պահում են»,- նշեց նա: Հիշեցնենք, որ դեռ երկու տարի առաջ այս ՀԿ-ն պայքարում էր նրա համար, որ այս հատվածում երթևեկությունը դառնա երկկողմանի:

Բացի այդ, մեր զրուցակիցը նաև անդրադարձավ այն հանագամանքին, որ այս գործառույթն իր վրա վերցրել է Ճանապարհային ոստիկանությունը, պարոն Հովհաննիսյանը սա համարեց հակասահմանադրական. «Դա նրանց գործը չի, դա քաղաքապետարանի գործն է: Քաղաքապետարանն է Երևան քաղաքում երթևեկության կազմակերպմամբ զբաղվում, այլ ոչ թե Ճանապարհային ոստիկանությունը, սա Սահմանադրական իրավունքի խախտում է, այսինքն՝ Սահմանադրությունն ասում է, որ ամեն պետական մարմին զբաղվում է այն գործերով, որն իրեն լիազորել է օրենքը, իսկ կազմակերպումը օրենքը լիազորել է քաղաքապետին, իսկ ՃՈ-ն ընդամենը նշաններն է դնում, լուսացույցները և այլն»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, երբ այս հատվածում այսօր նկարահանումներ էինք իրականացնում Ոստիկանության մեքենան (555 II 02 համարանիշի), հավանաբար ոգևորված լինելով վաղվա փոփոխությունից, խախտումով մտավ Ոսկերիչների փողոց, թերևս այս խախտումը ներելի կլինի վաղը, սակայն ոչ այսօր:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել