Որո՞նք են մշտական բնակության վայրի հասցեն փոխելու և անձին հաշվառումից հանելու դեպքերը

Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի ներդրման մասին կառավարության 2005 թվականի 1231-Ն որոշման համաձայն՝  ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն փոխվում է`

ա) բնակչի կողմից բնակության վայրը փոխելիս,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում,

գ) զինծառայության զորակոչվելիս,

Անձը հանվում է հաշվառումից`

1) սեփականատիրոջ դիմումի կամ դատարանի վճռի հիման վրա,

2) անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` դրա մասին իր հաշվառման վայրի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու դեպքում.

4) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու դեպքում:

Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին` նոր բնակության վայրում հաշվառվելու համար:

Կենտրոնական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրա անձնական հաշվառման տվյալները` միաժամանակ հաշվառելով օտարերկրյա պետությունում հյուպատոսական հաշվառման հասցեով:

Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրա անհատական հաշվառման տվյալները` միաժամանակ հաշվառելով օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով:

Վերը նշաված կետում սահմանված կարգով զինապարտ քաղաքացին օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով հաշվառվում է զինապարտ քաղաքացու անհատական հաշվառման քարտում տարածքային զինկոմիսարիատի կողմից համապատասխան նշում կատարելուց և քարտը տեղական ռեգիստրում ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Բնակչին զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցնելուց հետո 7-օրյա ժամկետում համապատասխան տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնում է իր նոր բնակության վայրի հասցեն:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց դիմումները զորամասի հրամանատարը 7-օրյա ժամկետում ներկայացնում է զորամասի գտնվելու վայրի տեղական ռեգիստր:

Ազատազրկման դատապարտված անձանց դիմումները պատիժն իրականացնող մարմնի ղեկավարը 7-օրյա ժամկետում ներկայացնում է հիմնարկի գտնվելու վայրի տեղական ռեգիստր:

Բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումի հիման վրա տվյալ բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու համար տեղական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայից էլեկտրոնային եղանակով պարզում է տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք ունեցող անձանց ցանկը: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, ապա հաշվառումից հանվում է: Հաշվառումից հանելուց հետո տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հաշվառումից հանված անձին` ծանուցման մեջ նշելով հաշվառումից հանելու ժամկետը, իրավական հիմքը, ինչպես նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս նոր կացարանի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու պարտականության և պարտականությունը չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

Հաշվառումից հանելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը դիմումում նշված` տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հանում է հաշվառումից կամ նույն ժամկետում գրավոր մերժում է դիմումատուին, եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ ունի սեփականության կամ օգտագործման իրավունք կամ դիմումատուն չունի տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք: Սույն կետով սահմանված հիմքով զինապարտ քաղաքացուն հաշվառումից հանելու դեպքում տեղական ռեգիստրը 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ուղարկում տարածքային զինկոմիսարիատ:

Մինչև տեղական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայի հետ էլեկտրոնային կապով ապահովելը, բնակելի տարածության նկատմամբ սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք ունեցող անձանց պարզելու նպատակով տեղական ռեգիստրը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն սույն կետով նախատեսված գրավոր հարցմանը պատասխանում է այն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, ապա հաշվառումից հանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից գրավոր պատասխանն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ ունի սեփականության կամ օգտագործման իրավունք կամ դիմումատուն չունի տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք, ապա տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից գրավոր պատասխանն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղական ռեգիստրը հաշվառումից հանված անձին ծանուցում է սույն կետով սահմանված կարգով և ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել