Արդյո՞ք կա շահերի բախում Կարեն Կարապետյանի և փոխնախարար փեսայի միջև

Վերջին օրերին լրատվամիջոցներում հրապարակումներ են լինում վարչապետ Կարեն Կարապետյանի և իր փեսայի՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի միջև առկա հավանական շահերի բախման խնդիրների մասին։

Թե արդյո՞ք կարող է շահերի բախման խնդիր լինել այս դեպքում, փորձեցինք պարզել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանից։

Իրավաբան․net-ի հետ զրույցում Կ․ Զադոյանը նշեց․ «Ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, մենք նույնպես առաջարկում ենք, որպեսզի Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացնեն շահերի վերաբերյալ հայտարարագիր։ Միջազգային պրակտիկայում տարբերակվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման երկու տեսակ։ Առաջինը՝ ընդհանուր շահերի բախումն է, երբ պաշտոնը ստանձնելուց պաշտոնյան ներկայացնում է հայտարարագիր նշելով այն բոլոր հնարավոր սուբյեկտներին, փոխկապակցված անձանց, որոնց հետ հնարավոր է առնչություն ունենալ իր պաշտոնավարման ընթացքում։ Եվ կա երկրորդ տեսակը՝ իրավիճակային՝ ad-hoc շահերի բախումները։ Այս դեպքում, օրինակ, անձը նշանակվում է պաշտոնի և իր հետ փոխկապակցված անձն արդեն իսկ աշխատում է այդ մարմնում, անձը ներկայացնում է երկրորդ հայտարարագիրը` կապված իրավիճակային շահերի բախման խնդիրների վերաբերյալ»։

Կ․ Զադոյանի խոսքով, երկրորդ դեպքում խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից․ առաջին՝ արդյո՞ք այդ երկու պաշտոնյաները, ըստ գործող օրենսդրության, հանդիսանում են փոխկապակցված անձիք, թե՝ ոչ (նշենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը փոխկապակցված անձանց բավականին նեղ շրջանակ է սահմանում)։ Եվ երկրորդ՝ արդյո՞ք փոխկապակցված անձը աշխատում է բարձրաստիճան պաշտոնյայի անմիջական ենթակայության ներքո։ Եթե այո, ապա փոխկապակցված անձին պետք է տեղափոխել այլ պաշտոնի` բացառելու համար հնարավոր շահերի բախման իրավիճակները։ Ամեն դեպքում վերը նշված երկու հայտարարագրերը արդեն հիմք են, որպեսզի իրավասու մարմինը  ուսումնասիրի, առկայության դեպքում հայտնաբերի շահերի բախման իրավիճակներ և անհրաժեշտության դեպքում կիրառի պատասխանատվության համապատասխան միջոցներ:

«Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած հրապարակմանը, ապա՝ այո, ինչպես վարչապետը , այնպես էլ նրա փեսան, հանդիսանում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, սակայն վարչապետի փեսան չի համարվում փոխկապակցված անձ՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի։ Իսկ եթե համարվեր էլ, ապա այդ դեպքում բացակայում է ուղիղ ենթակայությունը, քանի որ վարչապետին ուղիղ ենթակա է ոչ թե էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարը, այլ նախարարը։ Եվ այստեղ շահերի բախման իրավիճակ չկա՝ ըստ գործող իրավակարգավորումների»,- ասաց Կարեն Զադոյանը։

Նա նշեց նաև, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից խրախուսելի է, որպեսզի կառավարության կողմից ներկայացվող հակակոռուպցիոն օրենսդրական բարեփոխումների փաթեթով, որքան հնարավոր է շուտ ընդլայնվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխկապակցված անձանց շրջանակը և պաշտոնը ստանձնելու պահից նախատեսվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահերի վերաբերյալ հայտարարագրերի ներկայացումը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել