Ավազակային հարձակում Ծաղկալանջում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում,  դիմակավորված երեք անձինք,  նախնական համաձայնությամբ,  կոտրելով տան եվրոպատուհանի ապակին,  ապօրինի մուտք են գործել  Ծաղկալանջի բնակիչներից մեկի տուն եւ հարձակվել  տանտիրուհու ու նրա հարսի վրա։ Կպչուն ժապավենով և   պլաստմասե պարաններով կապել են տանը գտնվող երկու կանանց  ձեռքերն ու  ոտքերը, ապա՝ որպես զենք օգտագործվող դանակի  գործադրմամբ կյանքի և առողջության համար  վտանգավոր   բռնություն գործադրելու սպառնալիքով  պահանջել և հափշտակել են առկա կանխիկ դրամը, ոսկյա զարդեր, բջջային հեռախոս եւ դիմել փախուստի։

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի  2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կպչուն ժապավեններ, պլաստմասե պարաններ, ձեռնոցի պոկված մասեր: Տանտիրուհին եւ նրա հարսը  ճանաչվել են որպես  տուժող և հարցաքննվել:

Մշակվել է քննչական պլան,  ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել համարժեք օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար եւ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել