Արդյո՞ք նոր կառավարության ծրագրով կկառուցվի նոր Հայաստան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուշադրությամբ ընթերցեցի վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը՝ ակնկալիքով, որ դրանում ներառված կլինեն այնպիսի ամբիցիոզ, խոշորամասշտաբ և իրականանալի ծրագրեր ու նպատակներ, որոնց կյանքի կոչմամբ Հայաստանն առաջիկա տարիների ընթացքում կդառնա մրցունակ, ժամանակակից պահանջներին համահունչ զարգացող պետություն՝ բոլորիս համար կանխատեսելի, անվտանգ և հուսալի միջավայրով:
Ժամանակը ցույց կտա, կիրականացվե՞ն, արդյոք, ծրագրով նախանշված նպատակները, թե՞ ոչ, այդուհանդերձ, իմ խորին համոզմամբ, հրապարակված ծրագիրը որքան որ կազմված է ոսկեղենիկ հայերենով ու գեղեցիկ կառուցված խոսքով, նույնքան զգուշավոր է, իր հավակնությունների մեջ համեստ ու ընդհանրական նպատակներով լեցուն…
Ծրագրից առանձնացրել եմ գոնե ինձ համար այն առանցքային դրույթները, որոնք, իմ կարծիքով, գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում և իսկապես կարող են որոշակի հետաքրքրություն ներկայացնել…
Եվ այսպես, ծրագրով նախատեսվում է՝

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ
——————————————————————–
1. Պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատում,
2. Երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծում, որտեղ նշված խնդրի լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաև սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները։
3. 2017թ. շուրջ 150 համայնք կխոշորացվի 18 փնջերում,

ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ
——————————————————–
4. Մինչև 2016թ. ավարտը՝
ա. Կսահմանվի բնական գազի սակագնային քաղաքականությամբ որոշակի գործունեության տեսակների համար (ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներ և այլն) սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագին,
բ. աջակցության ցուցաբերում, որպեսզի բնական գազ մատակարարող ընկերությունը սպառող կազմակերպությունների համար կիրառի գործունեության ընդլայնումը խթանող մոտեցումներ (օրինակ՝ որոշակի ծավալից ավելի գազ սպառելուց հետո ավելի ցածր սակագներ առաջարկելու միջոցով)․
5. 2018 թվականին կգործարկվի Բիզնես հաշտարարարի ինստիտուտը,
6. Վեց ամսվա ընթացքում տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումները կապաքրեականացվեն,
7. 2017թ. ընթացքում գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկի կրճատում ու տրամադրման գործընթացների առավելագույն պարզեցում,
8. 2017թ. ընթացքում կներդրվեն ու կկիրառվեն մասնագիտացված արտահանող կառույցների (այդ թվում՝ լոգիստիկ ընկերությունների) ձևավորմանը և հզորացմանն ուղված աջակցության մեխանիզմները,

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
——————————————————-
9. 60 գյուղական բնակավայրերում կտրվի գյուղական տուրիզմի փորձնական ծրագրի մեկնարկը, մեկ տարվա արդյունքերի ամփոփման հիման վրա կտրվի գյուղական տուրիզմի զարգացման ազգային ծրագրի մեկնարկը,
10. 2017թ. կմշակվի զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող նոր ուղղությունների (լեռնագնացություն, հեծանվորդություն, էքստրեմալ տուրիզմ, էկոտուրիզմ, առողջապահական տուրիզմ, կրոնական, գինու և այլն)՝ արդեն իսկ գործող մասնավոր նախաձեռնություններին աջակցություն և զարգացման ծրագիր՝ նպատակ ունենալով 5 տարվա ընթացքում առնվազն եռապատկել զբոսաշրջիկների թիվը,

11. Կմշակվի առնվազն 20 զբոսաշրջության վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջության վայր դարձնելու ծրագիր։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
——————————————
12. 2017թ. սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021 թվականն ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով.

13. Պտղատու ինտենսիվ այգիների հիմնման խթանման նպատակով` 2018-2020 թվականների ընթացքում կստեղծվի տարեկան մինչև 100 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար համապատասխան պայմաններ,

14. Խմելու ջրի համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման, հանրապետության 730 հազարից ավելի բաժանորդների համար կանխատեսելի և միաժամանակ միասնական և մատչելի սակագներ ապահովելու նպատակով եռամսյա ժամկետում միջազգային հեղինակություն վայելող օպերատորի ներգրավում.

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
———————————————————
15. Նախատեսված ժամկետում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգա¬բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքներն ավարտին հասցնելը.

16. Նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման նպատակով քննարկումների ու հնարավոր ներդրողների հետ բանակ¬ցությունների ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացում.

17. 2019 թվականին Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր էլեկտրահաղորդման գծերի շինարա¬րու¬թյան ավարտ.

18. Կլիմայի ներդրումային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակներում արևային համակարգային կայանների կառուցում 2017-2019 թվականներին.

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
——————————–
19. Զինվորական կառավարման մեխանիզմների արդիականացում. մարտական հերթապահության և մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարմանը զուգահեռ՝ հանրային իրազեկման պատշաճ ապահովում, բանակ-հասարակություն կապի զարգացում, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխիքների, հասարակական և միջանձնային առողջ հարաբերությունների ապահովում, ինչպես նաև հայրենասիրության, բարոյական նորմերի, կարգապահության և կանոնադրական հարաբերությունների ամրապնդում,

20. Զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և հանրային հաշվետվողականության ապահովում,

21. Պաշտպանական ռազմավարական պլանավորման, ծրագրային բյուջետավորման ներդրման, ռազմական ոլորտի գնումների գործընթացի և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման միջոցով ռեսուրսների կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացում,

22. Արժանիքների և կրթական չափանիշների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգի ստեղծում, ռազմական կրթության ոլորտում ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերի ներդրում,

23. Զինված ուժերի զորային օղակում արհեստավարժ բաղադրիչի ընդլայնում, պայմանագրային զինծառայողներով համալրում, կրտսեր հրամանատարական օղակում՝ արհեստավարժ ենթասպաների ընդգրկում

24. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքների և փոխհատուցումների մասին տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացում,

25. Զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցության ապահովում՝ զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության և դաստիարակության, օրինապաշտ քաղաքացու ձևավորման կարևոր գործընթաց,

26. Կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնում:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
—————————————————————-
27. Վեցամսյա ժամկետում․
ա․ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի բարեփոխում՝ օբյեկտիվ չափանիշների սահմանման միջոցով ապահովելով գործընթացի արդյունավետությունը և կանխատեսելիությունը,
բ․ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների 2017-2019թթ. Ծրագրի հաստատում,
գ․ դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի բարելավում, մասնավորապես՝ առավել հստակեցնելով դատական ակտերի հարկադիր կատարման ժամկետները, նվազեցնելով հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունները,
դ․ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում,
զ․ 11 քրեակատարողական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ապահովում,

28. 2017թ. ընթացքում՝
ա․ ողջամիտ ժամկետում գործերի քննությունն ապահովող օրենսդրական կարգավորումների կատարելագործում, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության գնահատման արդյունավետ կառուցակարգերի և չափանիշների ներդրում,
բ․ դատական գործընթացներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգի զարգացում (էլեկտրոնային եղանակով հայցադիմումների, դիմումների, ապացույցների, միջնորդությունների ներկայացում և դատավարական այլ գործողությունների կատարում, գործերի նյութերին առցանց ծանոթանալու, պատճենների ստացման ապահովում, առցանց եղանակով դատական նիստերին հետևելու և հեռավար դատավարությունների իրականացնելու հնարավորություն),
գ․ էներգախնայողության ծրագրի իրականացում՝ 10 քրեակատարողական հիմնարկներում կատարելով շենքերի ջերմային և հիգիենիկ հարմարավետության ապահովման աշխատանքներ,
դ․պրոբացիայի պետական ծառայության գործունեության բարելավում, այլընտրանքային խափանման միջոցների և քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անվտանգության միջոցների կիրարկման ապահովում պրոբացիայի պետական ծառայության միջոցով։

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
————————————————-
29. Եռամսյա ժամկետում «ապօրինի հարստացման» քրեականացում և վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում․
30. Վեցամսյա ժամկետում.
ա․ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքերի վերանայման միջոցով,
բ․ հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործում,
գ․ գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակի օրենսդրորեն ընդլայնման և փոխկապակցված անձանց շրջանակի հստակեցմանն ուղղված միջոցառումների իրականացում,
31. Մեկ տարվա ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար ավելի խիստ պատասխանատվություն նախատեսող օրենսդրության մշակում՝ հաշվի առնելով առավել բարձր վտանգավորության աստիճանը։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
————————————
32. Բժշկական հաստատությունների դեմ քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրման և վեճերի լուծման երկաստիճան համակարգի (առաջին մակարդակ՝ բուժհաստատությունների ներսում բողոքների քննության ինստիտուտ և երկրորդ մակարդակ՝ անկախ մարմնի` բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ) ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում, 2018 թվականից բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի գործարկում»:

14812940_1128014167294318_572158957_o

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել