Դատարան էր ներկայացվել դժվարընթեռնելի փաստաթուղթ, նիստը հետաձգվեց

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում արձակված կրակոցների հետևանքով քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի և երկու ընկերների սպանության գործով դատավարությունը:

Ապացույցների հետազոտման փուլում այսօր ներկայացվում էին դեպքի վայրի զննության արձանագրությունները: Մասնավորապես, դեպքի վայրում հայտանաբերված զենքերը՝ ինքնաձիգեր, «Մակարով» ատրճանակ, որը պատկանել է Լևոն Ղազարյանին: Հետազոտվեցին նաև դիերի  զննության արձանագրությունները:

Այս արձանագրություններից մեկը դժվարընթեռնելի ձեռագրով էր գրված, նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դժվարությամբ էր կարդում, դժվարացավ նաև մեղադրող դատախազ Արամ Արամյանը: Նա հայտնեց, որ հաջորդ դատական նիստին դրա բովանդակությունը կներկայացնի դատարանին:

Ամբաստանյալնների պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը սակայն վրդովվեց՝ նշելով, որ ամիսներով նիստեր պետք է արվեն՝ գործում առկա բոլոր նյութերը հրապարակելու համար, երբ կարելի է դրանք հետազոտված համարել: Նրա խոսքով՝ ի՞նչ իմաստ ունի ամբողջությամբ կարդալ բոլոր արձանագրությունները, եթե դրանց վերաբերյալ տեղեկությունները կան դատաբժշկական փորձաքննության եզրակացություններում և հենց փորձագիտական եզրակացությունները ունեն ապացուցողական բնույթ (Մանրամասները՝ տեսանյութում):

Սակայն, այնուամենայնիվ, դատարանը հետաձգեց դատական նիստը՝ հնարավորություն տալով մեղադրողին հաջորդ դատական նիստին ներկայացնել դժվարընթեռնելի արձանագրության բովանդակությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը, ժամը 14-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել