Ինչպե՞ս է կատարվում աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին

Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

Օրենքով սահմանված պահանջները չեն տարածվում՝

  • առողջապահական,
  • հոգաբարձության (խնամակալության),
  • մանկական դաստիարակչական,
  • էներգամատակարարման,
  • գազամատակարարման,
  • ջերմամատակարարման,
  • կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների վրա այն դեպքում, եթե աշխատանքը կատարվում է միմյանց հաջորդող առնվազն 5 ոչ աշխատանքային (տոնական, հիշատակի, հանգստյան) օրերից որևէ մեկի ընթացքում: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքում ոչ աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանքի դիմաց հավելման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:

Տեղեկացնենք նաև, որ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել