Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրումը կարևորագույն գործընթաց է, որը պետք է թափանցիկ իրականացվի: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի խոսքերով՝ ներկայումս պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի ինստիտուտի թափանցիկության մասին խոսում են ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ըստ նրա՝ համակարգը դեռ բարելավման կարիք ունի. «Այն չի կարող ինքնին արդյունավետ գործել, եթե իրենց դերը չունենան քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու ԶԼՄ-ները՝ հենց համակարգի թափանցիկության համար և այսպես ասած՝ հանրային աչքի դերը տանելու, հանրային վերահսկողություն իրականացնելու համար»,- նշեց Կարեն Զադոյանը:

Այսօր Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրման համակարգի թափանցիկության բարելավման խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները» հակակոռուպցիոն միջոցառումը, որն իրականացվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, համաֆինանսավորվում՝ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից: Միջոցառման կազմակերպիչներն են Իրավաբանների հայկական ասոցիացիան, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը նշում է, որ հաճախ հայտարարագիր չեն ներկայացնում պաշտոնը դադարեցրած անձիք. «Երբ պաշտոնյան այլևս չլինելով որևէ իրավահարաբերության մեջ պետական կամ հանրային ծառայության մեջ ու հանձնաժողովը չունենալով որևէ լծակ՝ նրան պարտավորեցնելու ներկայացնելու հայտարարագիր, պաշտոնյան չի ներկայացնում պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր»,- նշեց նա:

Հանձնաժողովի անդամը կարևորեց էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը թույլ է տալիս հեշտացնել հայտարարագրի լրացման համապատասխանությունը ուղեցույցի պահանջներին ու ռիսկերի հիման վրա ունենալ վերլուծական գործիքներ: «Համակարգում մենք ունենք ներառված ուղեցույց, որտեղ ամեն քայլին փորձում ենք օգնել պաշտոնատար անձին պահանջներին համապատասխան», – նշեց պարոն Սարգսյանը:

Էլեկտրոնային համակարգը նաև ապահովում է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը: Նշեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանը՝ հավելելով. «Նախկինում մեզ մեղադրում էին, որ դիտավորյալ թաքցնում ենք որոշ տվյալներ, այս էլեկտրոնային հրապարակման եղանակը հնարավորություն տվեց, որ նման կարծրատիպերից մարդիկ հրաժարվեն: Բացի այդ, այսօր հանձնաժողովին դիմելու էլեկտրոնային եղանակ կա, մտնելով մեր կայքէջ՝ կարող եք անմիջապես դիմել հանձնաժողովին: Մեր բոլոր նամակներին մենք էլեկտրոնային պատասխաններ ենք ուղարկում, ցանկացած քաղաքացի կարող է դիմել մեզ»:

Հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի խոսքերով՝ հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը համահունչ չէ հայտարարագրման ինչպես ապօրինի հարստացման, այնպես էլ շահերի բախման կանխարգելման մոդելին:

Նա հանդիպման մասնակիցներին հաղորդեց. «Ներկայումս փոխկապակցված անձանց հայտարարագրերը բովանդակությամբ և ձևով տարբերվում են բարձրաստիճան պաշտոնատար անձի հայտարարագրից: Փոխկապակցված անձինք ներկայացնում միայն տարեկան հայտարարագիր: Բացի այդ, Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի և եկամուտների հայտարարագիրը բովանդակությամբ և ձևով տարբերվում է բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու հայտարարագրից», – այս և այլ խնդիրներ լուծելու համար հանձնաժողովն առաջարկում է փոփոխություն կատարել ու գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգից անցում կատարել ակտիվների և շահերի հայտարարագրման համակարգին, ինչպես նաև հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակն ընդլայնել, փոխկապակցված անձանց շրջանակի վերանայմամբ պայմանավորված, նրանց, այդ թվում՝ պաշտոնատար անձի ընտանիքի անդամների՝ որպես հայտարարատուների վերաբերյալ տվյալների արտացոլում պաշտոնատար անձի կողմից ներկայացվող մեկ միասնական հայտարարագրում իրականացնել:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը, կարևորելով հանձնաժողովի գործունեությունը, շեշտեց, որ այն առավել հանրային կդառնա միայն քաղաքացիական հասարակության մասնակցությամբ. «Հարկավոր եմ համարում նշել, որ վերջին շրջանում պետական մարմինները սկսել են կառուցողական մոտեցումներ ցուցաբերել ու համագործակցել ՔՀԿ-ների հետ»,- նշեց փորձագետը՝ առաջարկելով հանձնաժողովին կից ստեղծել հասարակական կազմակերպությունների խորհուրդ:

Իրավաբան.net կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը ներկայացրեց հայտարարագրերի ռեեստրի դերը լրատվության ոլորտում, նա նաև առաջարկներով հանդես եկավ, որոնք առավել թափանցիկ կդարձնեն հայտարարագրերի հրապարակումը, օրինակ՝ լրագրողն առաջարկեց նշել նվիրատվություններ տվող անձանց շրջանակը, շարժական գույքը հայտարարագրելիս կետ ավելացրել տվյալ մեքենայի տարեթվի վերաբերյալ, թանկարժեք գույքի դեպքում՝ նշել գինը, ինչպես նաև հայտարարագրել պաշտոնյաների թանկարժեք հանգիստն ու թռիչքները:

Ներկայացումներից հետո տեղի ունեցավ արդյունավետ քննարկում, որի ընթացքում մասնակիցները տարբեր հարցեր տվեցին զեկուցողներին, որոնք վերաբերում էին հայտարարագրման համակարգի թափանցիկությանը, շահերի բախմանը, պաշտոնյաների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու խնդիրներին և այլն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ