Հավաստագրեր Արդարադատության ակադեմիայի 22 դասավանդողներին

«Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ԵՄ և ԵԽ համատեղ ծրագրի շրջանակում անցկացված վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած Արդարադատության ակադեմիայի 22 դասավանդողների հավաստագրեր հանձնվեցին:

Միջոցառումը տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայում որտեղ ներկա էին նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

Հյուրերը կարևորեցին Արդարադատության ակադեմիայի առկայությունն ու հատկապես նման ծրագրերի կամակերպումը: Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում մշակվել են նաև 4 նոր դասընթացներ, որոնք հրատարակվել են առանձին ձեռնարկներով: Դրանք են՝

Քրեական գործի քննության ընդհանուր մեթոդաբանությունը,

Խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների քննությունը և կյանքի իրավունքին առնչվող գործերը,

Խոցելի տուժողների/վկաների և կասկածյալների մասնակցությամբ գործերի քննությունը,

Մինչդատական կալանքը և քրեական գործի քննության հարակից խնդիրները:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի և Արդարադատության ակադեմիայի համագործակցությունը, կարևոր համարեց պատրաստված դասընթացները և դասավանդողների խմբի ստեղծումը՝ ընդծելով, որ Եվրոպայի խորհրդին անդամակցած և Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը:

«Դասընթացների բարեհաջող ավարտի հնարավորություն ընձեռելու համար երախտապարտ ենք նաև Արդարադատության ակադեմիային: Իրական և անմիջական ուշադրության համար շնորհակալ ենք Գլխավոր դատախազությանը, ՄԻՊ աշխատակազմին,   և իհարկե Եվրոպական միությանը, որը Հայաստանում ֆինանսավորել է և հնարավոր դարձրել այս կարևոր ծրագրի իրականացումը»,- շնորհակալական իր խոսքում նշեց Նատալյա Վուտովան:

Իր ողջույնի ու շնորհավորական խոսքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց. «Կարծում եմ այս միջոցառման առիթով մեզ բոլորիս կարելի է շնորհավորել, որովհետև սա բոլորիս ձեռքբերումն է Դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքներից շահելու ենք բոլորս»:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց դասընթացում ներառված թեմաների արդիականության կարևորությունը և հատկապես Խոշտանգումների և վատ վերաբերմունքի իրավունքին վերաբերյալ քննությունը, Արթուր Դավթյանը ասաց. «Այս տեսակի քրեական գործերն աչքի են ընկնում իրենց բարդությամբ, ապացուցողական բազայի հավաքման խնդրահարույց իրավիճակներով և այս ոլորտում պատշաճ գիտելիքներ ձեռք բերելը, և որ ամենակարևորն է պրակտիկան բոլոր աշխատողներին փոխանցելը կարծում եմ՝ չի ուշացնի այն արդյունքը, որին  բոլորս սպասում ենք»:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն գոհ է, որ առնչվում է այս ծրագրին. «Հիշեցնեմ, որ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի արդարադատության ոլորտին ցուցաբերվող աջակցության շրջանակներում ԵՄ-ն մոտ 50 մլն է ծախսել: Եվ մենք գոհ ենք նրանով, թե ինչպես ենք կարողացել մասնակից և օժանդակող լինել Հայաստանում իրականցվող բարեփոխումներին»,-ընդգծեց Պյոտր Սվիտալսկին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ այս տարվանից սկսած ՄԻՊ աշխատակիցները նույնպես համապատասխան դասընթացներ կանցնեն Արդարադատության ակադեմիայում: «Ռեկտորի հետ պայմանավորվածություն ունենք, որ մարդու իրավունքների պաշտպանի նյութերն ու գնահատականները նույնպես դրվելու են ակադեմիայի դասընթացների կազմակերպման հիմքուն»,- եզրափակեց պարոն Թաթոյանը:

Արդարդատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց դասընթացի մասնակիցներին, և ուրախությամբ փաստեց, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի այս փուլը հաջողությամբ հասավ իր ավարտին, և որ դասընթացների արդյունավետությունը զգալի կլինի արդեն մոտ ապագայում:

Ալիսա Չիլինգարյան

Լուսանկարները և տեսանյութը՝ Ալեքսանդր Սարգսյանի

 Իրավաբան.net

Լուսանկարներ

Իրադարձություններ