ՀՀ ֆինանսների նախարարության աշխատաոճի նոր սկզբունքներն ու մոտեցումները

2016թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հետ, որտեղ ընդհանուր գծերով ներկայացրեց գերատեսչության հիմնախնդիրներին առնչվող իր տեսլականը: Հանդիպման օրակարգում նախարարության կողմից իրականացվող հիմնական գործառույթների նոր կանոնակարգն էր, մասնավորապես` հանրության հետ տարվող աշխատանքների ոլորտում իրականացվող գործընթացի թափանցիկության ապահովումը, բյուջեի կազմման ու կատարման հարցերին առնչվող հիմնախնդիրները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացին, ՀՀ ֆինանսների նախարարության կադրային քաղաքականությանը, գործուղումներին ու վերապատրաստումներին, նախարարությունում ռոտացիոն համակարգի ներդրմանը և մի շարք այլ կարևոր խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախարարը, խոսելով ՀՀ ՖՆ գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների մասին, նշեց. «Մենք պետք է էլ ավելի թափանցիկ լինենք հանրության համար նրան հետաքրքրող թեմաների վերաբերյալ: Սա նշանակում է, որ տեղեկույթը պիտի տրամադրվի համակարգված ու կանոնակարգված, գրագետ ու ճշտորոշ մոտեցումներով»: Ըստ որում՝ վերոնշվածի շրջանակում նախարարը նպատակահարմար է համարում, որ լրատվական հրապարակաումներում հաճախ հանդիպող շփոթներից և անստույգ տեղեկատվությունից խուսափելու համար մոտ ապագայում ֆինանսների նախարարության կողմից կկազմակերպվեն դասընթացներ կամ սեմինարներ լրագրողների համար, ուր հանգամանորեն կներկայացվեն նախարարության համապատասխան ճյուղերի իրականացրած գործառույթներն ու արձանագրած առաջընթացները:

Բյուջեի պահպանողական կրճատումներին անդրադառնալով՝ Վարդան Արամյանը նշեց, որ անհրաժեշտ է գնալ տնտեսումների ճանապարհով, բացառել չարդարացված ծախսերը, վերանայել ու գնահատել նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների աշխատանքների արդյունքները:

Որոշակի փոփոխությունների է ենթարկվելու նաև նախարարության կադրային քաղաքականությունը: Հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդ կադրերի մասնագիտական վերապատրաստմանն ու կատարելագործմանը, պետք է թարմացվի ու վերամշակվի գործուղումների հաշվետվողական համակարգը:

Հանդիպման վերջում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ իր գործընկերներից ակնկալում է համագործակցելու պատրաստակամություն, պարտաճանաչություն, միասնականություն և հետևողականություն որդեգրած սկզբունքներում: Նա արդար և առողջ համակարգ ունենալու կողմնակիցն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել