«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ևս հինգ ՀԿ-ներ դրամաշնորհ ստացան

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթի 4-րդ փուլի հաղթող հասարակական կազմակերպությունների անուններն արդեն հայտնի են:

Հինգ ՀԿ ներկայացուցիչներ այսօր եղան Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում և պայմանագիր կնքեցին ծրագրի շրջանակներում: Հաղթող կազմակերպությունները պատրաստվում են ծավալուն աշխատանքներ իրականացնել առաջնային մի քանի ոլորտներում:

Սոցիալական Տեխնոլոգիաների կենտրոն» հասարակական կազմակերպությունը մոնիթորինգի և վերահսկողության կենթարկի ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը:

«Մենք պատրասվում ենք այնտեղ գտնել խնդիրներ, ուշացումներ, կոռուպցիոն դրսևորումներ, հասկանալ, թե ինչ պատճառով են դա եղել: Կարծում եմ, որ այն ինչ-որ մենք ներառել ենք, որ պետք է անենք, կարա լինի նաև մեծ բացահայտում»,- ասում է ծրագրի ղեկավար Գեղամ Գրիգորյան՝ հավելելով, որ ծրագրի միջոցով հանրությանն էլ ավելի թափանցիկ կլինի ռազմավարական ծրագիրը:

Վանաձորի բազմաբնակարան շենքերի կառավարման գործընթացների մոնիթորինգային ծրագիր է ներկայացրել «Լոռու մարզի համատիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

«Շատ դեպքերում համատիրության նախագահի կարգավիճակում հայտնվում են պատահական մարդիկ, նույնիսկ չտիրապետելով ու չիմանալով համատիրության նախագահի իրավունքներն ու պարտականությունները, շատ դեպքերում համատիրությունները ձևական բնույթ են կրում: Կապ չկա կառավարող մարմին և սեփականատերի միջև»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԿ-ի ղեկավարը և կարծիք հայտնեց՝ եթե սեփականատերը մասնակից դառնա համատիրության կառավարման գործընթացին, բնականաբար վարձերը և՛ ժամանակին կվճարի, և՛ իհարկե կպահանջի կատարված աշխատանքների մասին հաշվետվություններ:

Արարատի մարզի ծննդատներում կան կոռուպցիոն ռիսկեր ու չարաշահումներ: Կարծում են «Հանրային վերահսկողության մեխանիզմների հզորացում Արարատի մարզում» ծրագրի հեղինակները: Այս խնդիրը չեզոքացնելու համար «Արարատի մարզի Կանաչներ» հասարակական կազմակերպությունը՝ համագործակից «Արարատ քաղաքի կանանց խորհուրդ»-ի հետ առաջիկայում վերահսկողության ու իրազեկման միջոցով կնպաստեն այս արատի չեզոքացմանը. «Մենք մեր առջև նպատակ ենք դրել ևս մեկ անգամ զգոնացնենք ու զգաստացնենք հղիներին, ինչպես նաև ակտիվացնենք երիտասարդներին, որ անկախ ծրագրերի առկայությամբ նպաստեն սեփական քաղաքում, հայրենիքում կոռուպցիայի վերացմանը»,- փոխանցեց «Արարատի մարզի Կանաչներ» հասարակական կազմակերպության ղեկավար Ալինա Լալայանը:

«Պետական գնումների կազմակերպման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հնարավորությունների մոնիթորինգ» ծրագիրն էլ իրականացնելու է «Արժանապատիվ սերունդ» հասարակական կազմակերպությունը:

Այսօր բացի դրամաշնորհների պայմանագրերի կնքման արարողությունից «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի Դրամաշնորհային հանձնաժողովի անդամները քննարկում ունեցան հաղթող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, համաֆինանսավորում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

Ողջ ծրագրի շրջանակներում 20 հասարակական կազմակերպություններ արդեն ստացել են դրամաշնորհներ, իրականացնել սեփական ծրագրերը՝ պայքարելով կոռուպցիայի դեմ Հայաստանի ողջ տաևածքում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ