«Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»

Առողջապահության ոլորտի խնդիրները վերացնելու համար հարկավոր է իրականացնել համակարգային փոփոխություններ: Նման կարծիք այսօր հայտնեց «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի առողջապահության փորձագետ Աշոտ Մելքոնյանը:

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին Գավառում կայացավ առողջապահության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հակակոռուպցիոն միջոցառումը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհների համակարգող Արտակ Սարիբեկյանը, ով կարևորեց մասնակիցների կողմից ակտիվ քննարկումների և խնդիրների վերհանմանն ուղղված քայլերը: Նա տեղեկացրեց մասնակիցներին, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ միասին կառավարություն են ներկայացրել երեք կարևոր նախագծեր, որոնց շուրջ այժմ ընթանում են քննարկումներ:

Ողջույնի խոսքերին հաջորդեցին տեղական և միջազգային փորձագետների զեկույցները առողջապահության ոլորտում իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների, առկա կոռուպցիոն ռիսկերի և դրանց նվազեցման ու վերացմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանի խոսքերով մարդկանց կարիքներին արձագանքելու և արագ բարեփոխվելու պետության կարողությունը, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության աստիճանը առողջապահության համակարգի զարգացումը կանխորոշող որոշիչ գործոններ են:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի առողջապահության փորձագետ Աշոտ Մելքոնյան միջոցառման մասնակիցներին ներկայացրեց իր կողմից կատարված մասնագիտական մոնիթորինգի արդյունքները, որոնք վրաբերվում էին դեղերի գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին: Աշոտ Մելքոնյանի խոսքերով՝ դեղորայքի ոլորտում անհրաժեշտ է անցկացնել լուրջ որակական փորձաքննություններ: Նա նաև անդրադարձավ բժշկատնտեսագիտական ստանդարտների և բուժման սխեմաների ներդրման հնարավորություններին՝ կարևորելով նման ստանդարտների անհրաժեշտությունը:

Զեկույցներին հաջորդեցին մասնակիցների և փորձագետների միջև բովանդակային քննարկումները, որոնց ժամանակ բարձրացվեցին մտահոգող խնդիրները և ուղենշվեցին հնարավոր լուծումները:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի. ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ