«Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան

Տեղեկատվության ազատության համար շատ կարևոր է ունենալ պատշաճ մեխանիզմներ: Կարծում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրն արժանացավ Ոսկե բանալի մրցանակին:

«Ժամանակակից աշխարհում տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է ժողովրդավարական ու հիմնապես ազատ պետությունները: Դրանով է պայմանավորված, որ այսօր մենք ունենք այս մրցանակաբաշխությունը: Այս իրավունքի առանձնահատկությունն այն է, որ այն հանդիսանում է մարդու հիմնարար ազատություններ իրականացման շարժիչ ուժ, ոչ թե ինքնին ու առանձին իրավունք, այլ իրավունք, որը հիմնական իրավունքներից է:Այս իրավունքն է, որ ապահովում է կառավարման բաց ու թափանցիկ իրականացումը»,- շեշտեց նախարարը:

Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը կարևորեց այս մրցանակաբաշխության իրականացումը՝ ասելով. «Մենք ողջունում ենք կառավարության բոլոր ջանքերը գործունեության թափանցիկությունն ապահովելու համար, որովհետև կա փոխկապակցվածություն խոսքի ազատության և կոռուպցիայի դեմ պայքարում»,- շեշտեց պարոն Լորենցը:

Այս տարի, բացի ամենամյա մրցանակաբաշխությունից, նշվեց նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15-րդ ամյակը: Միջոցառման կազմակերպիչները որոշել էին տոնական տրամադրությունը պահել և բացասական մրցանակի ժանգոտ կողպեքի արժանի մրցանակակիր մարմիններին չհայտարարել:

Այսօր Ոսկե բանալի մրցանակին արժանացան մի շարք գերատեսչություններ, մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարությունը ճանաչվեց ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում Տեղեկատվության ազատության մասին օրենքը, Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն աղբյուրը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը նույնպես արժանացավ Ոսկե բանալի մրցանակի, իսկ Սիվիլնեթի լրագրող Արման Սուլեմանյանը ճանաչվեց օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրողը: Նա նշեց, որ այս մրցանակին արժանանում է այն բանի համար, որ դատի է տվել դատարանին, Արմանը պարզաբանեց, որ դատարանն իրեն թույլ չի տվել նկարահանել դատավճիռը, ուստի որոշել է գնալ նման քայլի:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ