Վարորդը տեսագրել է ՃՈ տեսուչների ոչ օրինական ծառայությունը

ՃՈ տեսուչների կողմից անշարժ ու նաև ոչ օրինական ծառայություն իրականացմանն իրավաբան.net-ը բազմաթիվ անգամ անդրադարձել է՝ հրապարակելով ինչպես սեփական, այնպես էլ վարորդների կողմից տրամադրված լուսանկարներ ու տեսանյութերը:

Հերթական անօրինական ծառայության տեսագրությունն այսօր հայտնվել է Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր ֆեյսբուքյան խմբում, որը ստորև ներկայացնում ենք:

Հիշեցնենք՝ Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ մատնանշվում են այն ձևերը, որով պետք է առաջնորդվեն ՃՈ տեսուչները: Ըստ այդմ՝ ՃՈ-ն իրականացնում է՝

ա) շրջիկ պարեկություն` ավտոմոբիլներով, մոտոցիկլետներով, ուղղաթիռներով, ինչպես նաև մշտական անշարժ ծառայություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղերում,

բ) ճանապարհային երթևեկության կարգավորում,

գ) տրանսպորտային միջոցների ուղեկցում, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցում, էսկորտ ուղեկցում և առանձին ավտոմոբիլների կամ տրանսպորտային միջոցների շարասյուների ուղեկցում,

դ) ժամանակավոր անշարժ ծառայություն` սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում:

Իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման նպատակով համապետական, ինչպես նաև կարանտին միջոցառումներ անցկացնելիս` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով իրականացվում է ժամանակավոր անշարժ ծառայություն:

Օպերատիվ իրավիճակի բարդությամբ պայմանավորված, ինչպես նաև հանցագործության կանխման, խափանման և բացահայտման նպատակով միջոցառումներ անցկացնելիս` ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմնի պետի կամ ոստիկանության մարզային ստորաբաժանման պետի հանձնարարությամբ կարող է իրականացվել ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով ժամանակավոր անշարժ ծառայություն` դրա մասին 24 ժամվա ընթացքում տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին կամ նրան փոխարինող անձին:

Հաճախ է պատահում, երբ ՃՈ տեսուչները անշարժ ու նաև ոչ օրինական ծառայություն իրականացնում, այստեղ նրանց մեքենաները թփերի ետևում անտեսանելի են լինում: Այս խնդիրը հատկապես նշված հատվածում համատարած բնույթ է կրում, ինչը դուրս է վերոնշյալ կարգավորումների շրջանակներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել