Քննարկվել է հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին գումարած արտահերթ նիստի ընթացքում քննարկել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը՝ կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հանձնաժողովին տեղեկացրել է, որ 10 000-ից ավելի ընտրող ունեցող թվով 5 քաղաքային համայնքներում` Սևան, Վարդենիս, Արթիկ, Սիսիան, Կապան, համայնքի ղեկավարի թեկնածուներն օրենքով սահմանված ժամկետում վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացրել իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերը:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների, թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել:
Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Կանանց աջակից խումբ» հասարակական կազմակերպության` հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, քանի որ կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել