Մեղադրանքներ են առաջադրվել Արզական համայնքի ղեկավարին և նրա տեղակալին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արզական համայնքի ղեկավարի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Արզական համայնքի ղեկավարը՝ Ն.Մովսեսյանը, ղեկավարելով  2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով գյուղացիներին պատճառված վնասը գնահատելու համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները, իր տեղակալի՝ Պ.Խաչատուրյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբային շահերից ելնելով և դիտավորությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես՝  Ն.Մովսեսյանը և Պ.Խաչատրյանը պատճառված վնասի իրական ծավալները ներկայացրել են ուռճացված և դրանց հիման վրա կազմել հավելագրված տվյալներով կեղծ ակտեր: Նշված ակտերի հիման վրա՝ Կոտայքի մարզպետարանի կողմից տրամադրվել է նյութական փոխհատուցում՝ նման կերպ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ն.Մովսեսյանին և Պ.Խաչատրյանին մեղադրանքներ են  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասի  (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել