ՏԻՄ ընտրությունների կազմակերպական մակարդակը բարձր էր. Էմին Երիցյան

Այս տարի անցկացվող ՏԻՄ ընտրությունները նախորդների համեմատ շատ ավելի կազմակերպված են անցել. այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Այս տարի լրանում է տեղական ինքակառավարման 20-ամյակը:  Է. Երիցյանի խոսքով,  այս տարիների ընթացքում երկու հիմնական խնդիր է եղել՝  իսկապես ինքնուրույն տեղական իշխանություններ ունենալը, և երկրորդը, որ ապակենտրոնացում իրականացվի. հանրային ռեսուրսների 90 տոկոսը ծախսում է կենտրոնական իշխանությունը:

Հայաստանի համայնքների միության նախագահը նշում է նաև, որ երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններից ելնելով ևս պետք է մի քանի ասպեկտներ դիտարկվեն. «Ցանկալի կլիներ, որ սահմանադրությամբ և օրենսդրությամբ կայուն ընտրական համակարգի առկայություն հաստատվեր, քանի որ ԱԺ-ում կարող է ձևավորվել մի մեծամասնություն, որը կհամարի, որ համայնքի ղեկավարներն ընտրվում են անուղղակի, հաջորդ ընտրական շրջանում՝ մեկ այլ մեծամասնություն ձևավորվի և փոխի համակարգը»:

Ըստ Է. Երիցյանի՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված ևս կան խնդիրներ, որոնցից մեկն ընտրությունների կազմակերպման օրվան է վերաբերում: Համայնքների միության նախագահն ընդգծում է, որ շատ կարևոր է, որ տեղական իշխանությունների ընտրության համար որոշվի մեկ միասնական օր:

Բացի այդ, կա նաև թեկնածությունների գրանցման խնդիրը. «Կա սահմանափակում. համայնքներում ընտրությունների հետ կապ կապված պահանջվում է, որ մինչև գրանցման պահը առնվազն երկու թեկնածու լինեն: Սա առաջ է բերում ընտրական պրոցեսի արժեզրկում, քանի որ միտումը նա էր, որ առաջանա մրցակցություն: Սա ապահովելու համար ձևականորեն առաջադրվում են «ֆեյք» թեկնածուներ՝ աշխատակից, գործընկեր, և այլն: Նրանք գրանցումից հետո հանում են իրենց թեկնածությունը: Կարևոր է, որ այս նորմը հանվի»,-նշում է  է. Երիցյանը:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 18-ին մի շարք համայնքներում անցկացված  ՏԻՄ ընտրություններին,  Էմին Երիցյանը այսպիսի գնահատական տվեց. «Մենք դիտորդական առաքելություն չենք իրականացրել, դրա իրավասությունը չունենք, որովհետև մենք շահագրգիռ կողմ ենք, բայց մենք աշխատել ենք Եվրոպայի խորհրդի կոնգրեսի դիտորդական առաքելությունն իրականցնող խմբի հետ, որովհետև  ներկայացված ենք նաև այնտեղ: Կարելի է արձանագրել, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ այս ընտրությունների կազմակերպական մակարդակը շատ ավելի բարձր էր: Բայց մրցակցային առումով, կուսակցությունների մասնակցության առումով կարելի է արձանագրել, որ շատ ցածր մակարդակ կար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել