Ի՞նչ կարգով է կատարվում հուղարկավորությունը մասնավոր գերեզմանատներում

Հարկ է իմանալ, որ մասնավոր գերեզմանատան շահագործողն ինքնուրույն է կազմակերպում հուղարկավորության ծառայությունների մատուցումը` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա:

Մասնավոր գերեզմանատներում գերեզմանատան շահագործողը պայմանագիր կարող է կնքել ինչպես մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ, այնպես էլ մահացածի հետ` վերջինիս կենդանության ժամանակ:

Ընդ որում, գերեզմանատան սեփականատիրոջ և մահացածի միջև վերջինիս կենդանության ժամանակ կնքված պայմանագրի առկայության դեպքում մահացածի փոխարեն պայմանագրային պարտավորությունների կատարման պահանջ կարող է ներկայացնել մահացած անձի իրավահաջորդը կամ վերջինիս շահերի օրինական ներկայացուցիչը:

Պայմանագիրը կնքվում է նվազագույնը 15 տարի ժամկետով: Նշված պայմանագրի հիման վրա գերեզմանատան շահագործողը պարտավորվում է հատկացնել պայմանագրում ուղղակիորեն նշված տարածքը և հուղարկավորումը կատարելուց հետո պայմանագրում նշված ժամանակահատվածում պահպանել և սպասարկել գերեզմանը՝ ապահովելով գերեզմանի մաքրության, դրան հարակից տարածքների անվտանգության, պայմանագրով նախատեսված լինելու դեպքում կանաչապատման աշխատանքները։

Օրենքում նշված պայմանագրին կցվում է հատակագիծ, որի վրա մատնանշվում է հուղարկավորման համար հատկացված տարածքը:

Մինչև օրենքում նշված պայմանագրի ժամկետի լրանալը 1 տարվա ընթացքում գերեզմանատան շահագործողը պարտավոր է պահպանել գերեզմանը և միջոցներ ձեռնարկել պայմանագրի մյուս կողմին պայմանագրի ժամկետի ավարտի մասին սեղմ ժամկետում ծանուցելու համար: Սույն մասում նշված 1-ամյա ժամկետում պայմանագրի մյուս կողմը կարող է գերեզմանատան սեփականատիրոջ հետ կնքել նոր պայմանագիր կամ իրականացնել վերահուղարկավորություն այլ գերեզմանատանը կամ իրականացնել դիակիզում:

Օրենքին համապատասխան նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու և պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում գերեզմանատան շահագործողը կարող է կրկին օգտագործել գերեզմանի տարածքը՝ կատարելով վերահուղարկավորում կամ տարածքն օգտագործել մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո այն դիակիզելու, գերեզմանահորն անմիջապես ախտահանելու և աճյունասափորը հուշապատի մեջ անժամկետ տեղադրելու պայմանով:

Մասնավոր գերեզմանատան շահագործողը պարտավոր է վարել գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյաններ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, որոնք արխիվում պահվում են անժամկետ:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել