Աշտարակի դպրոցն անմխիթար վիճակում է. բաց նամակ՝ ԿԳ նախարարին

Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը բաց նամակով դիմել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ խնդրելով լուծել իրենց դպրոցի վերանորոգման խնդիրը: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի, պարոն Մկրտչյան,
Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1989 թ-ին՝ 1962թ. կառուցված շենքում: 1990 թվականին դպրոցի մարզադահլիճը, նիստերի դահլիճը և ճաշարանը վթարային լինելու պատճառով ապամոնտաժվել են: Երկհարկանի մասնաշենքը մինչև 1997թ. բնակեցված է եղել փախստականներով. հիմա անմխիթար վիճակում է, հիմնանորոգման խիստ կարիք ունի և չի օգտագործվում: Դասապրոցեսը կազմակերպվում է եռահարկ մասնաշենքում, որը նույնպես գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում և կարիք ունի հիմնանորոգման: Այն Աշտարակի խիտ μնակեցված մի շարք թաղամասերի միակ հիմնական դպրոցն է: 2016-2017 ուստարում դպրոցում կա շուրջ 600 աշակերտ, և փաստորեն ուսումնական գործընթացը հնարավոր չէ կազմակերպել:

Խնդիրը առկա է վաղուց. տարիներ շարունակ դիմել ենք պատկան մարմիններին, սակայն լուծում չի տրվել: Դպրոցը իր սուղ միջոցներով կազմակերպել է ուսումնական գործնթացը: Մասնավորապես 2015-2016 ուստարում դասապրոցեսը կազմակերպելու համար դասասենյակներ են դարձվել դպրոցի կաթսայատունը, գրադարանը, փոքրիկ դահլիճը, շախմատի և ձեռարվեստի սենյակները: Այս ուսումնական տարում ավելացած 60 աշակերտների համար օգտագործվելու է ուսուցչանոցը, որը փաստորեն μավարար չէ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:
Հարգելի պարոն նախարար, խնդիրը հրատապ է (շահառուների թիվը գերազանցում է երեք հազարը) և պահանջում է անհապաղ լուծում. ակնկալում ենք Ձեր անմիջական միջնորդությունը հարցի համակողմանի ուսումնասիրման և լուծում տալու գործում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել