Որո՞նք են այն ոչ նյութական բարիքները, որոնց վնասի դեպքում կարող եք ենթարկվել պատասխանատվության

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ անձի կյանքը և առողջությունը, արժանապատվությունը, անձնական անձեռնմխելիությունը, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը, ազատ տեղաշարժվելու, բնակվելու և գտնվելու վայր ընտրելու իրավունքը, անվան իրավունքը, հեղինակության իրավունքն ու քաղաքացուն ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող այլ անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքներն անօտարելի են ու անփոխանցելի:

Օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները, որոնք պատկանել են մահացածին, կարող են իրականացվել ու պաշտպանվել այլ անձանց` ներառյալ իրավատիրոջ ժառանգների կողմից:

Ոչ նյութական բարիքները, քաղաքացիական օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան, պաշտպանվում են դրանցով նախատեսված դեպքերում ու կարգով, ինչպես նաև այն դեպքերում ու այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից և այդ խախտումների հետևանքների բնույթից:

Քաղաքացիական օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

Կարևոր է իմանալ, որ եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (քաղաքացիական օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

Տեղեկացնենք, որ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2 հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

Նշենք նաև, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել