Ե՞րբ պետք է ժառանգը դիմի նոտարին ժառանգական իրավունքի վկայական ստանալու համար

Ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:

Ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:

Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227 հոդվածի ժառանգությունն ընդունելու համար դիմումը ժառանգի կողմից պետք է ներկայացվի ժառանգության բացման պահից 6-ամսյա ժամկետում:

Եթե 6-ամսյա ժամկետում ժառանգը չի ընդունում ժառանգությունը, ապա նա կորցնում է այն ընդունելու իրավունքը: Սակայն, եթե ժառանգության ընդունման ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով (հիվանդություն, արտասահմանում գործուղման մեջ գտնվելը), ապա ժառանգի դիմումի հիման վրա այն կարող է դատական կարգով երկարացվել:

Այն դեպքում, երբ ժառանգելու իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգի կողմից ժառանգությունից հրաժարվելու դեպքում, ապա այդ անձինք կարող են ժառանգությունն ընդունել գոյություն ունեցող 6-ամսյա ժամկետի մնացած մասի ընթացքում, իսկ եթե այն 3 ամսից պակաս է, ապա 3 ամսվա ընթացքում:

Նոտարին դիմելու 6-ամսյա ժամկետը բաց թողնված լինելու դեպքումնոտարները հաճախ հրաժարվում են ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելուց ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգին: Նման դեպքերում ժառանգը կարող է դատարան դիմել և դատարանով ճանաչվել ժառանգությունն ընդունած ժառանգ:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել