Մի քանի կարևոր հանգամանք ՀՀ քաղաքացու անձնագրի վերաբերյալ

Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Գտնված անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Անձնագրում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները.

1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):

Անձնագրում ամրագրվում են նաև քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը` առողջապահության մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից նշում է կատարվում ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ, պաշտպանության ոլորտի համապատասխան պետական մարմնի կողմից նշում է կատարվում պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու մասին (զինապարտների համար)` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ: Անձնագիրը ներառում է անձնագիրը տրամադրած ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև անձնագրի տրամադրման և վավերականության ժամկետները, անձնագրի համարը:

Անձնագիրը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են օրենքով նախատեսված տվյալները, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները:

Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները: Եթե անձնագրում քաղաքացու կենսաչափական տվյալների ոչ լրիվությունը կամ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին անձնագրում կատարվում է համապատասխան նշում:

Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` անձնագիր տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:

Անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող անձնագիրը: Դրանում ամրագրված տվյալները տվյալ անձի վերաբերյալ առկա տվյալների հետ համեմատելուց հետո անձնագիրն անմիջապես վերադարձվում է քաղաքացուն, բացառությամբ  օրենքով նախատեսված դեպքերի:

Նոր անձնագիրը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:

Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր անձնագիրը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է անձնագրի վավերականության ժամկետը, և քաղաքացին չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական կամ անձնագիր:

Եթե օտարերկրյա պետությունում, որտեղ գտնվում է անձը, Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա քաղաքացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից փոստով ստանալու վերադարձի վկայական կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ունեցող որևէ պետություն մուտք գործելու իրավունք վերապահող փաստաթուղթ:

Անձնագիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) նույնականացման քարտ, իսկ մինչև 16 տարեկան քաղաքացին` ծննդյան վկայական.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.

4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).

5) պետական տուրքի վճարման անդորրագիր:

Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա անձնագիրը.

3) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).

4) պետական տուրքի վճարման անդորրագիր:

Անձնագիր ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում լուսանկարվում և հանձնում է մատնադրոշմները ոստիկանության մարմնում, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում:

Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց անձնագիր տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից անձնագիրը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից հետո` 60-օրյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:

Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում, ապա դիմումն ընդունվում է և դիմումատուին առաջարկվում 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը և (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել