Որևէ մեկը չի կարող լինել իր գործով դատավոր. Ավան և Նոր Նորք դատարանի նախագահ Դավիթ Հարությունյան

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանի աշխատասենյակում բացի մասնագիտական պարտականությունների համար տրամադրված շնորհակալագրերից ու խրախուսական հուշանվերներից, առկա են նաև սպորտային մրցանակներ ու շնորհակալագրեր: Էքստրիմալ սպորտի սիրահար դատարանի այս նախագահն ասում է, որ ներկայումս այդ զբաղմունքին դժվար է ժամանակ տրամադրել` օբյեկտիվ պատճառներով:

Սպորտից անցնելով իրավական հարցերի քննարկան` Դավիթ Հարությունյանի հետ զրույցի թիրախում կալանքի ու գրավի կիրառումն է, դատական համակարգի անկախությունն ու խնդիրները: Մանրամասները «Հայաստանի դատավորները» շարքում:

Պարոն Հարությունյան, ես ուսումնասիրեցի Ձեր կենսագրությունը բավականին երիտասարդ տարիքում պատասխանատու պաշտոնների եք եղել, խնդրում եմ ասել՝ ինչո՞ւ որոշեցիք դառնալ հենց իրավաբան:

– Շատ հետաքրքիր հարց է: Ես ուղղակի որևէ հատուկ որոշում չեմ կայացրել այդ մասով, իմ պարագայում այլընտրանք չի եղել, քանի որ մանկուց աչքիս առաջ անձնական օրինակ եմ ունեցել, առաջին հերթին հայրս, ով ողջ կյանքում աշխատում է իրավապահ համակարգում, պապս 25 տարի դատավոր է աշխատել, ի դեպ ասեմ, որ ի տարբերություն ինձ, նա որևէ բեկանում չի ունեցել, համենայն դեպս, այդպես են ներկայացնում: Ինչևէ, ես ինձ այլ մասնագիտության մեջ չեմ պատկերացրել, այդպես կանխորոշված է եղել: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ես բավականին երիտասարդ տարիքում պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել, ապա նշեմ, որ 8 տարի աշխատելով քննիչ, աշխատել ստաժոր քննիչից մինչև հատկապես կարևոր գործերի քննիչ դատախազությունում և ՀՔԾ-ում, որևէ անգամ իմ կողմից կայացրած որևէ որոշում թե՛ դատախազի, թե՛ դատարանի կողմից չի փոխվել ու չի բեկանվել, կարծում եմ, որ սա դեր է ունեցել, որ այդ տարիքում նման պաշտոնների են ինձ վստահել, այս տեսանկյունից տարիքը երկրորդական պլան է մղվում:

Քանի որ խոսեցիք բեկանումների մասին, այո, ձեր խոսքերով՝ քննիչի պաշտոնին աշխատելիս ձեր որոշումները չեն բեկանվել, սակայն Իրավաբան.netը ձեր վարույթում մի գործ է լուսաբանել, երբ Դուք 4 անգամ բավարարել եք խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը, սակայն ամեն անգամ դատախազը վերաքննիչ բողոք է բերել և վերադաս ատյանը բեկանել, սակայն այս դեպքում, դատելով տարբեր մեկնաբանություններից և կարծիքներից, իրավաբանական հանրության մի ստվար զանգված հենց Ձեր մոտեցումն էր պաշտպանում: Նշված հարցին, որպես եզակի երևույթ, անդրադարձել էր նաև ԱՄՆ Պետդեպը 2015 թվականի Հայաստանի վերաբերյալ զեկույցում:

– Քանի որ այդ գործը դեռ իմ վարույթում է, ճիշտ չէ այդ մասին խոսել: Միայն ասեմ, որ այս ամենը տեսակետի հարց է, ընդհանուր առմամբ եմ ասում, ոչ թե կոնկրետ այս գործով,  այլ եթե դատավորի վարույթում քրեական գործ կա ու այդ գործը ըստ էության չլուծող դատական ակտեր է կայացնում դատավորը, իմ կարծիքով, պետք է առաջնորդվել միջազգային ընդհանուր միտումներով, որ միջանկյալ դատական ակտերը բեկանման ենթակա չլինեն, դրանց շրջանակը շատ պետք է նեղացվի, որովհետև, եթե քո վարույթում գտնվող ցանկացած որոշում բեկանվում է, ստացվում է, որ դա պարտադիր է քեզ համար, իսկ սա արդեն հղի է արդարադատության իրականացման միջամտելու վտանգներով, այսինքն` եթե դու կայացնում ես մի որոշում ու դա բեկանվում է, ստացվում է ընթացիկ քո վարույթում գտնվող գործում, դու թույլ ես տվել դատավարական կամ նյութական իրավունքի խախտում, այստեղ կողմերի մոտ էլ վստահության պակաս է առաջանում, այսինքն՝ այս դատավորը, որը մեզ գործը քննում է, խախտում է թույլ է տվել ու դա արձանագրում է վերադաս ատյանը: Իհարկե, բացարձակ չէ, սակայն ընդհանուր միտումները պետք է այս ուղղությամբ գնան՝ թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական ոլորտում: Այսինքն՝ ըստ ինձ, բացի օրենքից որևէ անձ, ատյան չի կարող պարտադրել դատավորին  փոփոխել միևնույն փաստերի վերաբերյալ հայտնած իր դիրքորոշումը. սա է նաև դատավորի անկախության առանցքային գրավականներից մեկը:

Մեր երկրում փորձ է արվում փոփոխել կարևորագույն օրենսգրքերից երկուսը՝ քրեական օրենսգիրքն ու քրեական դատավարության օրենսգիրքը: Արդյոք Դուք ծանոթ եք այս օրենսգրքերի նախագծերին: Խնդրում եմ ասել, թե ինչ նոր մոտեցումներ կամ ինչ վտանգներ եք տեսնում նոր նախագծերում:

– Դրա մասին չարժի ստույգ դատողություններ անել, ամեն դեպքում միայն կասեմ, որ օրինակ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 1998 թվականին, դրանից հետո 2002թ. վավերացրել ենք եվրոպական կոնվենցիան, այնուհետև երկու անգամ տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, սրանով արդեն իսկ հասունացել է այս փոփոխությունների անհրաժեշտությունը: Շատ հարցեր այսօր կարգավորվում են Վճռաբեկ, Սահմանադրական և Եվրոպական դատարանի որոշումներով, այսինքն՝ իրավակիրառողները ոչ թե հղում են տալիս քրեական դատավարության օրենսգրքին, այլ առաջնորդվում են նման որոշումներով: Այն որ անհրաժեշտ է փոփոխել, միանշանակ է: Կարծում եմ նոր օրենսգրքերին անդրադառնալու առիթ լինի կայացվելիք դատական ակտերով:

Փաստաբանների կողմից անսպառ քննարկվող թեման կալանավորումն է: 2015թ.-ին առաջին ատյաններում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2452 միջնորդություններ է արվել, որոնցից բավարարվել է 2263-ը, իսկ մերժվել՝ ընդամենը 154 միջնորդություն, այսինքն՝ մերժվել է ընդհանուր թվի միայն 6 տոկոսը: Ձեր գնահատականը այս իրավիճակի

– Համապետական ցուցանիշների հետ կապված հաստատական դատողություններ չեմ կարող անել, զուտ թվաբանական ցուցանիշների արտաքին դիտարկմամբ՝ իրականում մտահոգիչ է թիվը, այլ կարծիք չի կարող լինել: Ամեն դեպքում, դժվար է հստակ կարծիք հայտնել, կալանքը շատ նուրբ հարց է, յուրաքանչյուր դեպքի վերլուծությամբ միայն հնարավոր է կարծիք հայտնել, թե սա հիմնավոր է, թե՝ ոչ:

Երբ փաստաբանը հայտարարում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը փոխարինվել է գրավով կամ չհեռանալու մասին ստորագրությամբ, մենք՝ լրագրողները շատ հաճախ նրան շնորհավորում ենք: Մտահոգիչ է նաև գրավի վերաբերյալ պատկերը. 2015թ.-ին մինչդատական վարույթում առաջի ատյանի դատարանները ստացել են գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին 604 միջնորդություններ, որոնցից մերժվել է 460-ը, բավարարվել 112 միջնորդություն, այսինքն՝ 18 տոկոսն է միայն բավարարվել:

– Ցուցանիշի մասով գնահատական չտամ, սակայն ինձ թվում է՝ իրականում միտումը գնում է նրան, որ գրավը հաճախ է սկսում կիրառվել: Նորություն ասած չեմ լինի, որ նախկինում, եթե օրինակ ծանր հանցագործություններով չէր կիրառվում, ապա հիմա միանշանակ կիրառվում է ու միտումն էլ դեպի դրան է գնում: Իմ կարծիքով՝ պետք է ստեղծվի կողմերի համար իրական ու հավասար պայմաններ, որ կողմերն էլ դա զգան ու հասկանան:

Ի դեպ, շնորհավորանքներն էլ ավելի ակտիվ են լինում, երբ փաստաբանները արդարացման դատավճիռներ են ունենում: Դատական դեպարտամենտի վիճակագրության համաձայն՝ տարեց տարի արդարացուման դատական ակտերի քանակն ավելանում է: Եթե փաստաբանները դրանք համարում են դատական համակարգի առողջացման միտում, դատավորները ու դատական իշխանության շատ ներկայացուցիչներ սա որակում են որպես սովորական ախատանքային պրակտիկա: Ձեր մոտեցումը:

– Անշուշտ, սովորական աշխատանքային պրակտիկա է՝ մեղադրական դատավճիռներ ու արդարացման դատական ակտեր կայացնելու համար: Նախկինում, կարծում եմ, պատկերացումը հետևյալն է եղել, եթե հնարավոր է կայացնել մեղադրական դատավճիռ, ապա ոչ մի դեպքում արդարացում չիրականացնել: Բնական է, որ հարկավոր է հակառակ մոտեցումը լինի, եթե կան չփարատված կասկածներ ու ավելի ռեալ է արդարացման դատական ակտ կայացնելը, պետք է այն կայացվի: Չեմ կարծում, որ սա զարմանք առաջացնող երևույթ է, մինչդեռ նախկինում զարմանալի իրավիճակներ էին առաջանում արդարացումների հետ կապված:

Միայն Դուք 2015 թվականին կայացրել էիք 13 արդարացման դատական ակտ և 20 հատ 4 տարիների ընթացքում: Անգամ մեղադրողները դատավորներից, այսպես ասեմ, նեղանում էին, այդպես չէ՞:

– Դա կապված է անձի մասնագիտական որակներից, պարզ ասեմ՝ բոլոր փաստաբանների ու մեղադրողների հետ, որ աշխատում ենք, ստեղծված են նորմալ աշխատանքային հարաբերություններ: Դա կախված է մարդու անձնական ու մասնագիտական հատկանիշներից, որ եթե իմ տեսակետը չես հաստատում, ուրեմն նեղանում են: Երևի թե, դատախազների մոտ այդ չակերտավոր ասած՝ պահանջատիրական զգացմունքներն ու դրսևորումները ավելի շատ են, որ իրենց տեսակետները պարտադիր պետք է հաղթի դատարանում, դա էլ երևի կապված է նախկինում առաջացած իրավիճակից, որ եթե 10 տարի առաջ օրինակ 5 դատական ակտ է կայացվել, հիմա հակառակը՝ շատ է կայացվում, ապա նրանց մոտ այդ կարծրատիպներն արմատացած են, որ եթե բերում ենք գործը, պետք է հաստատվի: Այդուհանդերձ, արդարացման դատական ակտերը ստիպում է քննիչներին, դատախազներին, հետաքննության մարմնին առավել ուշադիր լինել ու մեծ ջանքեր ներդնել գործի մեջ, որ իրենց տեսակետները հաստատվեն:

Պարոն Հարությունյան, արդյոք դատական իշխանությունը, թեկուզ Ձեր դատարանը ակտիվ ներգրավվա՞ծ է համակարգի համար առաջնային նշանակություն ունեցող իրավական ակտերի մշակման գործընթացին:  

– Իմ կարծիքն այն է, որ ընդհանուր իրավաստեղծ գործունեության մեջ դատարանները կապ չունեն, սա կապված է իշխանությունների տարանջատման սկզբունքի հետ: Սակայն դատական շահերին վերաբերող օրենսդրական դրույթների մշակմանը դատավորները պետք է մասնակցեն: Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ ցանկացած երկրում էլ ցանկացած իշխանություն, փորձում է իր ներգործությունն ունենալ մյուս օղակների վրա, նույն հաջողությամբ ձեր՝ 4-րդ իշխանությունը, դուք էլ եք ձգտում ձեր իշխանությունն ընդլայնել, եթե որևէ օրենսդրական նախաձեռնություն սահմանափակում է ձեր իրավունքները, բնական է, դրան դեմ եք լինում, ամեն դեպքում կա իշխանությունների տարանջատման սկզբունք, բոլորս պարտավոր ենք այդ սահմաններում մնալ: Միայն հարկավոր է անել այնպես, որ այնպիսի իրավական ակտեր չընդունվեն, որ սահմանափակեն դատավորների անկախությունը: Մյուս կողմց էլ, ես չեմ կարծում, որ դատավորները ժամանակ ունեն, որ դրանով զբաղվեն, օրինակ՝ նախագծերի հետ կապված կարծիք հայտնել: Եթե դատավորը սահմանափակված է իր ժամանակահատվածով, սա անընդմեջ պրոցես է, հնարավոր չէ, ես չեմ պատկերացնում եմ՝ մի քանի օր, երբ դատավորն անելու բան չունենա ու սկսի օրենքի նախագծի վրա աշխատել: Դատական իշխանությունն այդ ֆունկցիան հիմնականում իրականացնում է դատական դեպարտամենտի միջոցով, իհարկե, դատավորների կարծիքը շատ կարևոր է, բայց ցավոք այդ ժամանակը հաճախ չի լինում:

Արդյոք երբևէ կայացրե՞լ եք մի վճիռ, որի հետ որպես իրավաբան համամիտ եք, սակայն որպես մարդ՝ ոչ:

– Ամեն դեպքում սա այն հարցն է, որ որևէ դատավոր չէր ցանկանա դրա վերաբերյալ բացասական պատասխան տալ, գտնում եմ ցանկացած դատավոր կամ պաշտոնյա, պետք է ձգտի այն ուղղությամբ աշխատել, որ երբևէ չկայացնի որոշում, որի համար կարող է հետագայում փոշմանել: Այստեղ խնդիրն ավելի շատ այլ հարթության վրա է, այդ հակասությունը, անհամաձայնությունը կարող է առաջանալ այլ իրավիճակում, երբ որպես մարդ-իրավաբան ու մյուս կողմից նյութական, դատավարական օրենքի անշեղ կատարաման հետ կապված խնդիր լինի:

Դուք բեկանումներ ունեցել եք՝ վճիռների մասով:

– Իհարկե, եղել են: Առաջինը շատ ծանր եմ տարել, հիմա, այո, անշուշտ ցանկալի չէ, ստացվում է, որ դու սխալ դատական ակտ ես կայացրել, երբեմն կարող ես ներքուստ համաձայն լինել կամ էլ՝ ոչ: Եթե այս սենյակում բոլորս իրավաբան լինենք, մի սուր հարցի շուրջ երեք հոգի տարբեր տեսակետներ կարտահայտեն, այդպես էլ է լինում, նույնը դատախազի ու փաստաբանի պայմաններում: Եթե իմ տեսակետը չի հաստատվում, անշուշտ ցավալի է, սակայն դա նորմալ եմ համարում:

Ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել են:

– Մեկ անգամ հաստատ ներկայացրել են, մերժել եմ՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մի դեպք հիշեցի, երբ անձամբ եմ ընդունել ինքնաբացարկս, երբ գործը ստացա: 2004թ.-ին քննչական խմբի քննիչ եմ եղել, ու երբ դատավոր էի, 2013թ. ստացվեց մի անձի վերաբերյալ գործ, իսկ ես այդ գործով եղել էի քննչական խմբի քննիչ, կոնկրետ այդ անձի մասով, ես որևէ դատավարական գործողություն չէի արել, չէի շփվել նրա հետ, սակայն քննչական խմբի քննիչ լինելու հիմքով, հարց էր առաջանում՝ ի՞նչ անել, ես միանշանակ որոշում կայացրի, որ հարկավոր է ինքնաբացարկ հայտնել: Տվյալ դեպքում գործում է հայտնի լատիներեն կանոնը՝ որևէ մեկը չի կարող լինել իր գործով դատավոր:

Ձեր գրքապահարանում նկատում եմ քննիչի հին գիրք:

– Սա ինձ պապս է նվիրել, հին գիրք է: Երկրաշարժի տարիներին այն ընկել էր ջրի մեջ, անգամ վախում եմ բացել, այն պարզապես խորհդանշական նշանակություն ունի :

Սիրո՞ւմ եք արդյոք սպորտով զբաղվել:

– Այո, ցավն այն է, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը հնարավորություն չի տալիս լիարժեք զբաղվել որևէ սպորտաձևով:

Խնդրում եմ խոսել ընտանիքից։

– Ունեմ երկու դուստր, նրանցից մեկը 4-րդ դասարանում է, մյուսը նոր է դպրոց հաճախելու։ Ցավոք, չեմ կարողանում նրանց լիարժեք տեսնել, անգամ չեմ հասցնում նրանց դասերով զբաղվել, միայն կիրակի օրերին է ստացվում ժամանակ տրամադրել նրանց։

Կարդացեք նաև՝

«Կենտրոն» դատարանի նախագահ. մենք չենք ուզում, որ դատական համակարգը փորձադաշտ լինի

Դատավորը պետք է իրականացնի արդարադատություն և վերջ. Ալեքսանդր Ազարյան

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Մտահղացման հեղինակ՝ Կարեն Զադոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել