Ի՞նչ պետք է իմանան վարորդները վազանցի մասին

Վազանցը շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելն է` կապված հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, այնուհետև` նախկինում զբաղեցրած գոտի վերադառնալու հետ:

Վազանց սկսելուց առաջ վարորդը պետք է համոզվի, որ`

1) հանդիպակաց երթևեկության գոտին, որը նա պատրաստվում է զբաղեցնել, բավարար տարածությամբ ազատ է վազանցի համար և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ընթացող տրանսպորտային միջոցների համար.

2) իր հետևից նույն գոտիով ընթացող տրանսպորտային միջոցը վազանց չի սկսել, իսկ առջևից ընթացողը վազանցի (ձախ շրջադարձի, հետադարձի) ազդանշան չի տվել.

3) վազանցն ավարտելիս կարող է առանց վազանցվող տրանսպորտային միջոցի համար խոչընդոտ ստեղծելու վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի:

Վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդին արգելվում է արագությունը բարձրացնելով կամ որևէ այլ գործողությամբ խոչընդոտել վազանց կատարելուն:

Եթե բնակավայրերից դուրս դանդաղընթաց կամ մեծ եզրաչափեր ունեցող տրանսպորտային միջոցին վազանց կատարելը դժվար է, ապա դրա վարորդը (իսկ ուղեկցման դեպքում` նաև ուղեկցող տրանսպորտային միջոցի վարորդը) պետք է երթևեկի հնարավորինս աջով, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի և բաց թողնի իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:

 Վազանցն արգելվում է`

1) խաչմերուկներում.

2) հետիոտնային անցումների վրա.

3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.

4) վազանց կամ արգելքի շրջանցում կատարող տրանսպորտային միջոցներին.

5) թունելներում, ճանապարհի նեղացումներում, վերելքի վերջում և ճանապարհների սահմանափակ տեսանելիության այլ հատվածներում.

6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.

7) կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած, ինչպես նաև դրանցով ուղեկցվող տրանսպորտային միջոցներին:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել