Երիտասարդ աղջկա դաժան սպանության համար մեղադրվողը դատարանում վստահեցրեց, որ կապ չունի հանցագործության հետ

Նախկին ընկերուհու դաժան սպանության համար մեղադրվող Դավիթ Թամրազյանն այսօր դատարանում պնդեց, որ ինքը սպանության հետ որևէ առնչություն չունի:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2013 թվականի մայիսի 7-ին Դավիթ Թամրազյանը բնակարանում կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը, նա այս քայլին գնացել է, քանի որ անձնապես վիրավորված է եղել տվյալ անձի հետ:

Երկու տարուց ավելի քննվող այս գործի շրջանակներում այսօր դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալը, նա նշեց, որ համամիտ չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ:

Դավիթը փոխանցեց, որ Մարիամի հետ ընկերություն է արել տևական ժամանակ, սակայն հանգամանքների բերումով, ինչպես նաև տեսնելով, որ Մարիամը մտերմություն է անում այլ անձի հետ, դադարեցրել է շփումը. «Մի անգամ տեսել եմ, թե ինչպես նա և իր ընկերը՝ Մոսոն, հյուրանոցային համար են վերցրել, ես դրանից հետո իր հետ կապերը խզել եմ»,- ասաց ամբաստանյալը:

Կապերը խզելով՝ Դավիթը սկսել է հարաբերություններ հաստատել իր գործընկերուհիներից Միլենա Միրիջանյանի հետ, ով սույն գործով առանցքային վկաներից է: Չնայած նրան, որ սկսել է Միլենայի հետ ընկերություն անել, ըստ Դավիթի, Մարիամը կրկին փորձել է վերականգնել հարաբերությունները. «Ինքը ուզում էր ինձ հետ ընկերություն անել, ես իրան ասում էի` գնա քո ընկերոջ հետ ընկերություն արա, ես դիստանցիա էի պահում, բայց չէի ուզում կոպտել նրան, քանի որ ինքը ինձ գործի էր տեղավորել, ես փորձում էի լավության տակից դուրս գալ»,- պատասխանելով փաստաբանի հարցերին ասաց Թամրազյանը՝ հավելելով, որ Մարիամի քայլերի մասին հետագայում իմացել է Միլենան, արդյունքում երկու աղջիկների  միջև ծեծկռտուք է եղել. «2013թ. ապրիլի 26-ին  վիճաբանություն է տեղի ունեցել իրանց միջև,- պատմեց Դավիթը,- Էտ օրը Մարիամը ինձ զանգեց, Միլենան տեսավ, ասաց` ո՞վ է զանգում, ասացի` Մարիամը, ասաց, դե բեր ծանոթանանք-խոսենք: Այդ օրը հանդիպեցինք, ես Միլենային Մարիամին ներկայացրի որպես իմ կին, քանի որ Միլենան, ինչպես միշտ, խմած էր, կռիվ սկսվեց, Միլենան Մարիամին ասաց` չես հասկանում, որ իմ ընկերոջը չպիտի զանգես, ասաց` հասկանում եմ, ասաց՝ լավ չես հասկանում ու անձեռոցիկը շպրտեց նրա վրա: Ռեստորանում էինք, ինչքան ապակի կար ջարդեցին, Միլենան շշով հարվածեց Մարիամի գլխին, սինի շպրտեցին իրար վրա: Զուտ Միլենայի խանդից»:

2013 թվականի մայիսի 7-ինշ Մարիամին գտել են սպանված: Ամբաստանյալը դատարանում պատմեց, որ առավոտյան Դավիթը զանգել է Միլենային և հանդիպման վերաբերյալ պայմանավորվել, միաժամանակ երիտասարդին է զանգահարել նաև Մարիամը. «Մարիամը ինձ զանգեց ասաց` արի իրար հետ հանդիպենք, լուրջ բան կա անելու, ես էլ ասեցի, եթե ախպեր ու ընկեր ունի, չի ուզում իրանց հետ խոսա, իսկ ինձ ասելու բան ունի, ուրեմն պետք է գնալ ու հանդիպել: Պայմանավորվեցինք, որ հանդիպենք, բայց ճանապարհի կեսից ինձ զանգեց ու ասաց, որ չի կարող հանդիպել, այդպես այդ օրը ես իրան չեմ տեսել»,- նշեց Դավիթը՝ հավելելով, որ նա հանդիպել է Միլենայի հետ:

Նրա փաստաբանը՝ Կորմվել Գրիգորյանն ասաց, որ Միլենան դատարանում ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ Դավիթն իրեն ցույց է տվել տարբեր լուսանկարներ` Մարիամին սպանված վիճակում, այնուհետև ջնջել լուսանկարները: Ամբաստանյալն այս ամենը հերքեց` պնդելով, թե սուտ է:

Բացի այդ Դավիթն ասաց. «Առիթներից մեկի ժամանակ Միլենան ինձ պատմել է, թե քաղմասի պետը՝ Պողոսյան Արտակը իրեն խոստացել է 5000 դոլար փող տալ, եթե ճիշտն ասի, թե ով է սպանել Մարիամին»:

Այնուհետև ամբաստանյալը վստահեցրեց, որ ողջ նախաքննության ընթացքում ոստիկանների կողմից իր նկատմամբ ճնշումներ ու բռնություններ են կիրառվել. «2013թ. մայիսի 9-ին ինձ դաժան ծեծել են մի քանի ոստիկաններով, երկուսը ոտքերիցս են բռնել, երեքը ծեծել, ընդ որում` նրանցից մեկը էլեկտրահարել է ինձ»,- նշեց ամբաստանյալը, հարցին` ինչո՞ւ չի բողոքել, պատասխանեց. «Իրանք ինձ ծեծում էին, որպեսզի հասկանան, որ ես եմ սպանել, թե՝ ոչ, տենց իրանք հասկացան, որ ես չեմ, դրա համար էլ չբողոքեցի»:

Ամբաստանյալի խոսքերով՝ հետագայում իրեն նույնպես ծեծել են, իսկ խոստովանական ցուցմունքը կորզել են ընտանիքի հանդեպ սպառնալիքների արդյունքում. «Ինձ ասացին՝ քո քույրն ու մայրը կողքի սենյակում են, նենց կծեծենք, որ ձայները կլսես: Ես ստիպված եմ գրել ամեն ինչ»,- նշեց երիտասարդը՝ հավելելով, որ դեպքի վայրում իրեն ուղորդել են. «Երբ պետք էր հանցագործության զենքը՝ դանակը ճանաչել, քննիչն ասաց` սեղանի վրա չորս հատ դանակ կա դրված, էն բացիչով դանակը, որ կա, ձեռքդ կդնես վրան ու կասես` էս դանակով եմ սպանել, քննիչը՝ Մարգարյանը ինչ ասել է, արել եմ, մտել եմ սենյակ, ձեռքս դրել դանակին ու ասել, որ սրանով եմ սպանություն կատարել»:

Դավիթը նախաքննության ընթացքում հրաժարվել է փաստաբանի ծառությունից, դատարանում նա պարզաբանեց, որ սա նույնպես քննիչների թելադրանքով էր:

Դավիթ Թամրազյանի փաստաբանը՝ Կրոմվել Գրիգորյանը փոխանցեց, որ ամբաստանյալի ցուցմունքը համակցում է սպանության օրը նրան տեղափոխող տաքսի ծառայության վարորդի ցուցմունքի հետ: Անդրադառնալով բռնության մասին ամբաստանյալի պնդումներին՝ փաստաբանը նշեց. «Սկզբում ճնշումներին ինքը դիմացել է, բայց քանի որ իր աչքի առջև Մարիամ Հունանյանի մորաքրոջն են ծեծել, վերջինս ուշագնաց է եղել, իրեն՝ Դավիթին զգուշացրել են, որ նույնը կարող է իր մոր ու քրոջ հետ կրկնվել, ասել են՝ կողքի սենյակում են հարազատները, նենց կծեծեն, որ նրանց ձայնը կլի, Դավիթն աչքի առջև ունենալով Մարիամի մորաքրոջ հետ կատարվածը, համաձայնվել է ամեն ինչ գրել»,- ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ երբ Դավիթին ձերբակալել են ու տեղափոխել ձերբակալվածների պահման վայր, նրա մարմնի վրա էլեկտրահարությունից հետո կարմիր հետքեր են եղել. «Դրա կապակցությամբ քննիչը նշանակել է փորձաքննություն, ինչն է հետաքրքիր՝ էտ կարմիր հետքերի հետ կապված քննիչը թելադրել է, թե գրի, որ ալերգիկ ես, քորելուց այդ ալերգիան առաջացել է, իսկ երբ որ գնում են փորձագետի մոտ, նույն այդ ծեծողն է տանում ու փորձագետի մոտ թելադրում է, որ գրի նեռվայն ես ու իրանց տանը կատարված քննչական գործողության ժամանակ քորել է իրեն, սակայն դատաբժիշկը տվել է, որ դա հարվածի արդյունք է»,- նշեց նա:

Փաստաբանը փոխանցեց, որ ամբաստանյալը ստիպված լռել է՝ մտածելով, որ կարող են իր հարազատներին վնաս տալ, սակայն որոշել է մեկուսարանում բարձրաձայնել իր դեմ կատարվածի մասին. «Իրոք, հասել է մեկուսարանում ու դիմում է գրել, որ էն ինչ-որ ես գրել եմ ինքնախոստովանական ցուցմունքում դրանք բռնությունների արդյունք են»,- նշեց մեր զրուցակիցը:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել