Աշոտ Ահարոնյանը՝ կին ոստիկանի շուրջ ստեղծված աղմուկի մասին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությանը, որն առնչվում է ոստիկանության համակարգում աշխատող կին ոստիկաններից մեկին։ Ահարոնյանը գրել է․

«Երեկվա միջադեպը իրենց մութ նպատակների համար զենք դարձնելով՝ ոմանք ինչ-որ անհարիր կայքից պրինտ արած լուսանկարներ են ցույց տալիս, ու մյուս ոմանք էլ կուլ են տալիս խայծը, այն դեպքում, երբ նվազագույն բանականություն ունեցողն էլ կտեսնի, որ այդ պրոֆիլը հենց երեկ է բացվել, բոլոր լուսանկարները տեղադրված են 27.07.2016, քոմենթ անողների էջերն էլ դատարկ, որովհետև նույնպես երեկ ու այսօր են բացված: Ակնհայտ ու պարզ է, որ որոշ պրիմիտիվ անձանց կողմից այս արշավը ձեռնարկվել է կառույց շահարկելու համար, ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ մարդու են վիրավորում: Եվ չի էլ հետաքրքրելու, քանի դեռ դեմքի լուրջ արտահայտությամբ ճերմակահեր տղամարդը զարմանալիորեն իրեն հավատացողներին շուրջը հավաքած՝ էժան ու ինֆանտիլ բացահայտումներ է անում:

Այս կարգի ծանծաղ ու տգեղ շահարկումների սիրահարներին խորհուրդ եմ տալիս հասունանալ գոնե իրենց անձնագրային տարիքի չափ և այսպիսի տղայական մտածողություն ու վարք չփաթաթել մեր երկրի ու ժողովրդի վզին»:

Հիշեցնենք՝ սոցիալական ցանցերում այսօր ակտիվ քննարկվում էր այսպես կոչված «հրեշտակների» գումարտակի կին ոստիկանի մասնակցությամբ լուսանկարը, որում նա կոպիտ կերպով բերման է ենթարկում տարեց կնոջը։ Այս քննարկումների արդյունքում տեղեկություններ տարածվեցին, որ ոստիկանը նախկինում եղել է գիշերային ակումբներից մեկի պարուհին, օգտատերերը նաև տարածեցին էրոտիկ բնույթի կայքի հաշիվ, նշելով, թե այն պատկանում է այդ ոստիկանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել