Հարգեք ծառայող տղաներին, նրանք ցանկացած պահի ձեր կողքին են, անկախ ձեր վարքագծից. Ա. Արշակյան

Վերջին օրերին Երևանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ցավը նրանում է, որ ով ուզում է կայանալ այս կամ այն միջադեպի ժամանակ, անմիջապես թիրախ է ընտրում դրսում ծառայություն կատարող ոստիկանին, ով կանգնած է իրենց իսկ անվտանգությունն ապահովելու համար։ Պետք չէ կայանալ կամ ուշադրության կենտրոնում հայտնվել ոստիկանին վիրավորելու կամ նրա վրա քար նետելու միջոցով։ Այդ տղաները ծառայություն են կատարում ոչ միայն լարված ժամանակ: Նրանք բազմաթիվ անգամ օգնության ձեռք են մեկնել հենց իրենց վրա քար նետողներին և, ի տարբերություն շատերի, այսուհետ նորից շարունակելու են օգնել և պաշտպանել։ Պատկերացրեք նրա մոր, կնոջ, քրոջ կամ երեխայի զգացողությունը, երբ տեսնում է, որ որդին, ամուսինը, եղբայրը կամ հայրը, ով կոչված է պաշտպանելու ժողովրդին, ենթարկվում է վիրավորանքների, քարկոծման, համենայն դեպս անդաստիարակի կողմից: Որովհետև չի կարելի վիրավորել, առավել ևս հարվածել մեկին, ով կանգնած է այլ նպատակով և իրեն թույլ չի տալիս համարժեք պատասխան տալ. ինձ թվում է, ոչ ոք չի էլ կասկածում, թե ինչպիսի համարժեք պատասխան կարող են տալ նրանք։

Հարգեք ծառայող տղաներին, նրանք ցանկացած պահի ձեր կողքին են, անկախ ձեր վարքագծից և ձեր վերաբերմունքից իրենց նկատմամբ։ Մի խաբվեք սադրիչների կոչերով, միջադեպ ստեղծելուց հետո, հաշված վարկյաններում նրանց չեք տեսնի։ Մնացեք խաղաղությամբ։»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել