Ինչու՞ են մեր գործատուները «նվաստացնում» աշխատողներին

Մի քանի օր է, ինչ ամեն առավոտ աշխատանքի գնալիս, ինձ նյարդայնացնում է նորաբաց խանութի ապակյա դռներին և պատուհաններին փակցված հայտարարությունը. «Պահանջվում է վաճառողուհի` բարետես արտաքինով»: 

– Կարծում էի մարդիկ մի փոքր զարգացել են, բայց չէ: Աշխատանքի ընդունելուց էլ պետք է մարդկանց «նվաստացնեն», – մտածեցի բարձրաձայն: 

Ակամա հիշեցի աշխատանքի անցնելու իմ հարցազրույցները: Դրանք մեկը մյուսին հաջորդող անհաջող կամ կիսահաջող կրկնություններ են հիշեցնում, իսկ եթե ժպտում էին և ասում «մենք Ձեզ կզանգե´նք», կարելի էր արդեն ևս մեկ անհաջող փորձ ավելացնել աշխատանքի անցնելու իմ որոնումների պատմությանը… Տարիների ընթացքում պատկերը գրեթե չի փոխվել մեր իրականությունում: 

Մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 32-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն»: Աշխատանքի ազատ ընտրությունը նշանակում է, որ ոչ մեկին չի կարելի հարկադրել կատարելու այնպիսի  աշխատանք, ինչը նա չէր ցանկանա կատարել: Միաժամանակ, միջազգային հանրաճանաչ չափանիշներին համապատասխան՝ հարկադիր չեն համարվում զինվորական ծառայությունը, արտակարգ պայմաններում կատարվող աշխատանքը (տարերային աղետ, վթարներ, դժբախտ դեպքեր) և դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված ուղղիչ աշխատանքները: Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետում ասվում է. «Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են`… 2) նպաստել բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը…»: Սակայն կասկածի տակ է այն հարցը, թե որքանով է պետությունը շահագրգռված նպաստել բնակչության զբաղվածությանը: Թվում է, թե այն բոլորովին էլ խնդիր չէ պետության համար: 

Բոլորս էլ անցել ենք այն փուլերով, երբ դպրոցն ավարտելուց հետո, ԲՈՒՀ-ում ուսանելու տարիներին մեր ինքնուրույնությունն ու անկախությունն ընդգծելու համար փորձել ենք սեփական վաստակով ապահովել մեր նյութական կարիքները` դիմելով ցանկացած աշխատանքի (հատկապես տղաները), իսկ արդեն ԲՈՒՀ-ն ավարտից հետո սկսել ենք փնտել մեր ցանկություններին, մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան աշխատանք: Բայց արի ու տես, որ մեզ մեր աշխատանքն այնքան էլ հեշտ չի տրվում, եթե չասենք, որ շատերի համար այն գրեթե անհասանելի է դառնում: 

Առավել հաճախ նման խնդրին բախվում են նորավարտները: Գործատուների զգալի մասը պահանջում է աշխատանքային փորձ ունեցող մասնագետների` անտեսելով դիմորդի մասնագիտական գիտելիքները, հնարավորությունները, անձնական հատկանիշները, կորպորատիվ մտածելակերպը և մի շարք այլ հանգամաքներ: Դե արի ու գործատուին բացատրի, թե որտեղի՞ց պետք է փորձ ունենաս, եթե նոր ես ավարտել կամ ուսումնառում ես ԲՈՒՀ-ի վերջին կուրսում: Եթե բոլորը մերժեն դիմորդին, վերջինս այդպես էլ փորձ ձեռք չի բերի: Սա, թերևս, գործատուների կողմից դիմորդներին մերժման առավել տարածված հիմքն է: Անհասկանալի է, թե ինչու՞ գործատուներին որևէ մեկը չի ջանում առաջին քայլն անել և առաջինը ձեռք մեկնել նորավարտին` նրան աշխատանքի ընդունելով, փորձաշրջան սահմանելով: 

Անհասկանալի ու ցավալի է նաև գործատուների կողմից առաջարկվող խտրականություն քարոզող և կասկած ներշնչող պահանջները. «բարետես արտաքին», «ժպտադեմ», «20-28 տարեկան», «երիտասարդ», «մինչև 45… կամ 35 տարեկան», և այլն: Թերևս սա ամենաչարչկված թեմաներից մեկն է: Զարմանալի է, բայց մեր օրերում նման հայտարարությունների պակաս չենք զգում: Մեկ անգամ խանութի աշխատակիցներից մեկին հարցրեցի (թեև վերջինս իրավասու էլ չէր ինձ պատասխանելու), թե ո՞վ է որոշում հարցազրույցի ժամանակ դու բարետես ես, թե` ոչ: Աշխատակիցը կարմրեց, ժպտած ու չկարողացավ պատասխանել, քանի որ ինքն էլ էր, փաստերեն, «բարետես արտաքին ունենալու» շնորհիվ անցել աշխատանքի: Հետաքրքիր է, ի՞նչ չափանիշներով է որոշվում բարետես լինելու հանգամամքները. կամ, ո՞վ ասեց, որ եթե գործատուն քեզ աշխատանքի չընդունեց ուրեմն, դու բարետես չես, կամ հակառակը, իսկ իրենց հայտարարության նման ենթատեքստից այլ բան չես էլ կարող մտածել: Պատկերացնում եք, թե իրենց որքան նվաստացած են զգում այն աղջիկները, ովքեր աշխատանք գտնելու ակնկալիքով` գնում եմ նման հայտարարությունների հետևից, և պարզվում է, որ իրենք, մեղմ ասած, «չեն համապատասխանում» այդ հաստիքին. ենթադրելի է, որ չունեն «բարետես արտաքին»: Էլ չասեմ, որ այս հայտարարությունների ֆոնի ներքո մոռացվում են տղաները: Սա էլ խտրականության մեկ այլ դրսևորում: 

Առավել անբարենպաստ վիճակում են գտնվում քաղաքացիական, պետական, հայեցողական թափուր պաշտոնների համար մրցույթի մասնակցած և հաղթող ճանաչված հավակնորդները. մրցույթում հաղթող են ճանաչվում, բայց անհասկանալի (իրականում սուբյեկտիվ) պատճառներով չեն  նշանակվում: Իսկ ի՞նչ ասեն այն հավակնորդները, ովքեր անընդմեջ հաղթող են ճանաչվում և այդպես էլ ամիսներով չեն նշանակվում: 

Կամ, դիտակենք լայն տարածում ստացած հետևյալ դեպքերը, երբ գործատուն, բառիս իսկական իմաստով, փորձում է ազատվել կենսաթոշակի տարիքի հասած աշխատողից: Իսկ որտե՞ղ է գրված, որ տարիքի հետ անձը կարող է զիջել իր որակական հատկանիշներով: Միթե՞ կան որոշակի ստանդարտներ, որոնք կարող են փաստել, որ 64-ից 65-ի անցում կատարելու պահից անձը կարող է սկսել չհամապատասխանել իր հաստիքին: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչ սթրես կարող է դա առաջացնել անձի մոտ: Փաստորեն, մարդ 65 տարին լրանալուց հետո սկսում է իրեն ոչ պիտանի զգալ հասարակության համար: 

Ինձ համար ցավալի է, երբ գործատուների կողմից նման պայմաններ են ներառում աշխատանքի հայտարարություններում: Նման խտրականությունները ինձ համար ոչ այլ, քան նվաստացուցիչ պայմաններ են և կարող են ոտնահարել անձի արժանապատվությունը: 

Հ.Գ. – Նյութը գրելուց մի դեպք հիշեցի, որը պատահել էր իմ ընկերներից մեկի՝ Ռ.Մ.-ի հետ: Ընկերս, աշխատանք գտնելու ակնկալիքով գնում է մի հայտարարության հետքերով. «պահանջվում է մենեջեր կահայքի խանութում» (կահույքի խանութն էլ գտնվում է Արգավանդում, ինչն արդեն խոստումնալից է): Պատշաճ հագնված, մեքենայով մոտենում է հայտարարությունում նշված հասցեի խանութին և ականատես լինում, թե ինչպես մի տղամարդ` անվայել, անձի պատվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, կենդանական աշխարահի բոլոր ներկայացուցիչներին հատ առ հատ հիշելով, գորգռալով, վիրավորանքների տարափներով «խոսում է» իր աշխատողների հետ: Քիչ ուշ պետք է պարզվեր, որ գորգռացող անձնավորությունը հենց այդ կահույքի խանութի տերն է: Պատճառն այն էր, որ իր աշխատողները մոռացել են անձրևի ժամանակ կահույքը ծածկել կամ պահեստ ներս տանել: Ընկերս տեսարանից շփոթված, փորձում է ճշտել արդյո՞ք իրենք մենեջերի կարիք ունեն, թե` ոչ: Խանութի տերը ոգևորված հրավիրում է ներս «հարցազրույցի»: «Հարցազրույցի» ընթացքում Ռ.Մ.-ն փորձում է պարզել իր աշխատանքի բնույթը, ինչին ի պատասխան ավելի սարսափելի պատասխան է ստանում. «Տեսնում ես այս անասուններին (ներողություն բառացի գրելու համար), – իր աշխատողներին ցույց տալով ասում է խանութի տերը, – պետք է ամեն օր տանես արոտ արածացնելու և հետ բերես»: Ընկերս առանց երկմտելու պատասխանում է. «Բայց հայտարարության մեջ գրված չէր հովվի աշխատանք»… 

Միթե՞ սա նվաստացում չէ… 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել