«Հարսին կտտանքների ենթարկած սկեսուրի» գործով ակցիա դատարանի բակում

Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր տուժող Մարիամ Գևորգյանի գործով քրեական գործը: Համաձայն մեղադրանքի` նրան իր սկեսուրը 2005թ. դեկտեմբեր ամսից մինչև 2008թ. հուլիս ամսին ընկած ժամանակահատվածում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ, այն է` Մ. Գևորգյանին առանձին տանջանքներ և տառապանքներ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար քաշել է նրա մազերը, պատառաքաղով և եղունգներով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, ձեռքերով, ոտքերով, փայտյա գրտնակով, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կրակայրիչով, հարթուկով վառել մարմնի տարբեր մասերը, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, պատճառելով առողջությանը միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող` ձախ ծղիկոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածքի, աջ ձեռքի 5-րդ մատի հիմային ֆալանգի փակ կոտրվածքի, գլխի ճակատային շրջանի և ձախ ականջախեցու սալջարդ վերքերի, ցայլքի և ձախ աճուկային շրջանի արյունազեղման , ձախ բազկի և ձախ կրծքագեղձի կտրած վերքերի, աջ ձեռնաթաթի կտրած ծակած վերքի, ձախ նախաբազկի ծակած վերքերի, կրծքագեղձերի, ձախ նախաբազկի, իրանի գոտկային և որովայնի շրջանի այրվածքների ձևով մարմնական վնասվածքներ:
Դռնփակ դատական նիստի ընքացքում տուժող Մ. Գևորգյանի ու նրա նախկին ամուսնու` Դավիթ Զիրոյանի հարազատները ցանկանալով հանրության ուշադրությունը հրավիրել իրենց վրա` ցուցապաստառներով իրենց անհանդուրժող դիրքորոշումն էին հայտնել դատաքննության նկատմամբ: Դ. Զիրոյանը հայտնում էր, որ Մ. Գևորգյանի նպատակը ոչ թե արդարացի պատժի, այլ դրամական շահույթ հետապնդելն է, քանի որ համաձայն Դ. Զիրոյանի` իր ընտանիքը նյութապես ապահովված է, իսկ Մ. Գևորգյանին գործով մեղադրյալ Հայկանուշ Միքայելյանը ոչ մի կտտանքի էլ չի ենթարկել, իսկ նրա մարմնի վրայի վերքերը որոշակի հիվանդության հետևանքով է: Տուժողի հոր Համազասպ Գևորգյանի և քրոջ` Հռիփսիմե Գևորգյանի ներկայացմամբ գումարային պահանջը դա զուտ բժշկափորձաքննության եզրակացությամբ հիմնավորված և Մարիամի հետագա բուժումների վրա ծախսվելիք գումարային պահանջն է, և որ իրենք մինչև վերջ հետամուտ են լինելու գործի արդարացի լուծման և մեղավորի արդարացի պատիժ կրելու հարցում:

Հանրային թղթակից Տիգրան Մաթևոսյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել