Նորություններ

Ամերիկան բազմազանություն է. ԱՄՆ շրջանավարտ

ԱՄՆ կատարած երեքշաբաթյա այցը մեծ փորձ ու գիտելիքներ է տվել Արդարադատության նախարարության Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանին: Մեզ հետ զրույցում ԱՄՆ շրջանավարտը շեշտում էր, որ 3 տարի առաջ ստացած գիտելիքներն առ այսօր իրեն պետք են: Իրավաբան.net–ը Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտ իրավաբանները» խորագրով շարքի շրջանակներում փորձել է հասկանալ՝ ի՞նչ գիտելիքների մասին է խոսքը, ինչպե՞ս իմպլեմենտացնել լավագույն փորձը մեր երկրում ու որո՞նք են տարբերությունները: Մանրամասները՝ հարցազրույցում:

– Ե՞րբ եք մեկնել ԱՄՆ ու ի՞նչ ծրագրով, ու ամենակարևոր հարցը՝ ի՞նչ փորձառություն ստացաք:

– Մեկնել եմ Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրով՝ 2013թ., այդ ժամանակ աշխատում էի Ազգային ժողովի աշխատակազմում, ավելի շատ ծրագիրը նախատեսված էր օրենսդրի աշխատանքի ուսումնասիրմանը:

– Խոսքը IVLP (International Visitor Leadership Program) ծրագրի մասի՞ն է:

– Այո, երեքշաբաթյա ծրագիր է: Իր տեսակով տարբեր մոտեցումներ ունի, IVLP-ի շրջանակներում իրականացվում են խառը ծրագեր: Մեր դեպքում ծրագիրը նախատեսված էր օրենսդիր համակարգի աշխատանքի ուսումնասիրմանը՝ ֆեդերալ ու նահանգային մակարդակներում: Վեց նահանգներում նշանակվել են տարաբնույթ հանդիպումներ: Քննարկումների միջոցով ներկայացվում էր հայկական ու ամերիկյան փորձ: Եղել ենք Կոլումբիայում (Վաշինգթոն), Մերիլենդում, Արիզոնայում, Նյու Հեմփշիրում, Նեբրասկայում և Մասաչուսեթսում: Ծրագրի թեմատիկ ուղղվածությունը շատ ճիշտ էր ընտրված, հատուկ ուշադրություն էր դարձրվում օրենսդրական գործընթացներին: Նպատակն էր պարզել՝ ինպես է զարգանում օրենսդրական և քաղաքական միտքը: Մենք խորությամբ ուսումնասիրել ենք նաև պառլամենտական էթիկան: Նշեմ, որ 2013թ. արդեն մի տարի էր ինչ Հայաստանի օրենսդիրն ընդունել է փոփոխությունը, որով ստեղծվեց էթիկայի ժամանակավոր հարցերի հանձնաժողովը: Պառլամենտական էթիկայից զատ, հանդիպումների ընթացքում շոշափվում էր նաև հանրայինի ծառայողների էթիկայի հարցերը: Մյուս ուղղություն վերաբերում էր հանրային կարծիքի հավաքագրման մեխանիզմներին, էլեկտրոնային կառավարման միջոցներին, ընդհուպ՝ մինչև այսպես կոչված «Town hall meeting»-ներ, որոնց փոքրիկ համայնքներում ես անձամբ ներկա եմ եղել: Շատ հետաքրքրական փորձ էր. համայնքը հավաքվում էր ու բոլորը հավասար ձայնի իրավունքով որոշում էին համայնքի համար հատկացված բյուջեի ծախսերը, անգամ մեկ դոլարի համար գնում էր քննարկում: Ուշադրության մյուս առարկան հանրային լսումներն են, թե ինչպես է օրենսդիրն աշխատում ընտրողների հետ ու ընտրողների խնդիրները բերում խորհրդարան: Շատ հետաքրքրաշարժ դեպքերի ականատես եղա Արիզոնայում, այնտեղ պառլամենտալիզմին բնորոշ յուրահատուկ հանգամանքների հանդիպեցինք, օրինակ՝ որևէ սենատոր, ժամերով օգտագործելով կանոնակարգային իր հնարավորությունները, ձախողում է իշխող կուսակցության ծրագիրը: Սա ժամանակի առումով հաշվարկած քայլերից մեկն է: Նշեմ, որ այս երևույթները բնորոշ են նաև մեր խորհրդարանին: Մյուս կարևոր ուղղությունը՝ շահագրգիռ խմբերի ու լոբիստների աշխատանքն էր: Այս առումով ուշադրության արժանի էին լոբիստների համար սահմանված կարգավորումները, օրենսդրի շենքում հատկացված միջանցքները, իրենց եզրագծերով: Ամփոփելով ասեմ, որ հանդիպումները նշանակված էին սենատորների հետ ու բարձր մակարդակով էին: Ծրագիրն ինձ համար օգտակար էր հատկապես էթիկայի հարցերի տեսանկյունից: Մենք շատ խոսում ենք խորհրդարանական էթիկայի մասով, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայից, բայց մենք մոռանում ենք, որ էթիկայի կանոնները պետք հստակ ու խիստ լինեն հանրային բոլոր ծառայողների համար:

– Հանրային քննարկումների արդյունավետ իրականացման համար ինչպիսի՞ մոդելներ է որդեգրել ԱՄՆ-ն:

– Առաջինը համայնքային մոդելն էր, որի մասին խոսեցինք: Մյուսը արդեն պառլամենտական հանրային լսումներն էին, երբ կոնկրետ հարցի վերաբերյալ շահագրգիռ կողմերը բերում էին մարդկանց, ում վրա այդ նախագիծն արդյունք է ունենալու, նրանք դա կոչում էին վկաների ինստիտուտ: Մյուսը ձևը էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառումն էր: ԱՄՆ-ում հանրային ակտիվ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենք էին ստեղծում այդ պլատֆորմները, նրանք շատ ավելի պատրաստված էին և բարձր որակի, այլընտրանքային զեկույցներ էին ներկայացնում:

– Վերադառնալով էթիկայի հարցերին, Դուք ձեր խոսում մասամբ անդրադարձաք այդ հարցերին, բայց խնդրում եմ մասնավորեցնել՝ ի՞նչ լուծումների է տրվել շահերի բախման հարցերին:

– Նեբրասկա նահանգում, երբ որ հարց բարձրացրի նեպոտիզմի վերաբերյալ՝ ազգականների ու բարեկամների շահերի բախման, հանձնաժողովի նախագահը հետաքրքիր օրինակ բերեց, նա ասաց՝ կան ոլորտներ, որտեղ հաշվի առնելով նահանգի բնակչության թիվը, որը մեծ չի, առկա են բավականին սպեցիֆիկ մասնագիտություններ և չի բացառվում՝ նահանգում լինեն երկու փորձագետներ, և նրանք որոշակի ազգակցական կապեր ունենան: Իմ հարցին՝ արդյոք դա շահերի բախման իրավիճակ չէ, և դուք արդյոք կդիմեք այդ փորձագետին, նա պատասխանեց՝ այո, մենք կվերցնենք նրան, որովհետև պետք է հասկանալ, որն է մեզ համար առաջնային՝ ֆորմալ շահերի բախո՞ւմը, թե՞ կոնկրետ խնդիրը, որը մենք ուզում ենք լուծել:

– Ձեր ստացած փորձը մեր իրականությունում ներդնելու տեսանկյունից ի՞նչ խանգարող հանգամանքներ կան, իրավական դա՞շտն է անկատար, թե՞ հանրային գիտակցումն է անբավարար:

– Ես միանշանակ կբացառեմ իրավական դաշտի անկատարությունը: Չեմ կարծում, որ մենք այնքան էլ անկատար իրավական դաշտ ունենք, որովհետև համեմատելիս հասկանում էինք, որ կատարյալ դաշտ ունենք: Այստեղ հասարակության գիտակցության մակարդակն է խնդիր, այդ հասարակության անդամները մենք բոլորս ենք, ուստի հասարակություն ասելով՝ ես չէի ուզենա բաժանել քաղաքացիական հասարակություն և բարձրաստիճան պաշտոնատար անձիք, անհատ քաղաքացիներ: Մյուս կարևոր հանգամանքը՝ կամքն է ու աշխատանքը երկու կողմից՝ հանրային հատված, կառավարող օղակներ ու քաղաքացիական հասարակություն, որը պետք է լինի շատ ուժեղ ու պատրաստված, որպեսզի պետական կառավարման իր մասնակցությունը հավասարը հավասարի իրականացնել:

– Փաստորեն այդ երեքշաբաթյա այցը ոչ միայն մասնագիտական բնույթ էր կրում, այլ նաև մարդկային տեսանկյունից էր արդյունավետ:

– Միանշանակ, շատ ավելի հետաքրքրական էր մարդկային կոնկրետ շփումները, որովհետև նահանգից-նահանգ անցնելիս ուժերի քաղաքական դասավորվածությունը փոխվում է: Ամերիկան բազմազանություն է: Անգամ լոբիստների աշխատանքում բազմազանություններ կտեսնեք՝ նահանգից-նահանգ:

– Այդ փորձը նաև Ձեզ օգտակար է լինում ներկայիս պաշտոնում, այդպես չէ՞:

Միանշանակ, կոնկրետ այստեղ աշխատանքի իմաստով կարող եմ ասել, որ հանրային կարծիքի հավաքագրման մեխանիզմների իմ տեսած փորձառությունը ինձ օգնում է:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահղացման հեղինակ՝  Կարեն Զադոյան

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ում եթե շահերի բախման խնդիր հայտնաբերեն, այդ դատավորն այլևս չի պաշտոնավարի. Սասուն Խաչատրյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել