Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Հունիսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ։ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ընդգծեց. «Ուրախ եմ կրկին գտնվել Երևանում՝ քննարկելու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգում առկա հարցերը, որոնց ցանկը հետզհետե աճում է: Մենք կանդրադառնանք հայ-ամերիկյան գործարար և առևտրային կապերի խորացմանը, 2017թ. գարնանը կայանալիք ընտրություններին ընդառաջ իրականացվող ընտրական գործընթացների բարեփոխմանն ուղղված աշխատանքներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին»:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակվեցին Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առումով կարևորվեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բրիջիթ Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել