Դատական գործ. Մեղադրվում էր իր մոր նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ

Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, տեղի ունեցավ իր մոր նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող, նախկինում երկու անգամ դատված և դատվածությունը չմարած քաղաքացի Վ.Խաչատուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հերթական նիստը: Վ.Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի հատկանիշներով:

.

Դատարան չէր ներկայացել գործով վկա, տուժողի քույր Գայանե Ջանջուղազյանը, ինչը չխոչընդոտեց դատական քննության կայացմանը: Դատական նիստի բացումից հետո, դատարանը հայտարարեց դատարանի կազմը, կողմերին բացատրեց դատարանի ամբողջ կազմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու նրանց իրավունքը և հիմքերը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, միջնորդություններ հարուցելու և լուծելու կարգը, ինչպես նաև կողմերին ծանոթացրեր դատավարական մի շարք այլ ընթացակարգերի:
Ամբաստանյալը դատարանին միջնորդեց արագացված դատաքննություն կիրառել, ինչին կողմերը չառարկեցին:

.
Տուժողը դատարանին միջնորդեց դատական քննությունն անցկացնել դռնփակ` պատճառաբանելով, որ գործի քննության ընթացքում քննարկվելու են այնպիսի հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերելու են իրենց ընտանիքին, անձնական կյանքին, սեռական անձեռնմխելիությանը և սեռական ազատությանը, հետևաբար ցանկալի չէ, որ այն լուսաբանվի լրատվամիջոցների կողմից: Դատախազը և ամբաստանյալը ևս միացան տուժողի միջնորդությանը: Հանրային պաշտպան Տիգրան Գրիգորյանը դիրքորոշում հայտնեց, որ դեպքի մասին արդեն իսկ լուսաբանում եղել է մամուլում, հետևաբար ինքը որևէ խոչընդոտ չի տեսնում գործը դռնբաց անցկացնելու համար:

.
Ի վերջո, դատարանը որոշեց բավարարել տուժողի միջնորդությունը և նշանակեց դռնփակ դատական քննություն:

..

Նշենք, որ Վահան Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. մայիսին, ժամը 24.00-ի սահմաններում, իրենց Նոր Նորքի 8 զանգ. 29 շենքի 7 բնակարանում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, նույն բնակարանում բնակվող մայրիկի` Վալյա Հայկազի Ջանջուղազյանի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, ամբողջովին մերկ վիճակում մտել է վերջինիս ննջասենյակ և, նախապես վերցրած խոհանոցային դանակի սպառնալիքով, պահանջել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, միաժամանակ պատռել է վերջինիս հագին եղած գիշերանոցը, այնուհետև քաշ է տվել իր ննջասենյակ և փորձել բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ մայրը համոզելու եղանակով` սեռական ակտը քիչ անց իրականացնելու պատրվակով կարողացել է մի պահ դուրս գալ սենյակից և դիմել է փախուստի:

Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել