ՄԻՊ աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ են եղել, սակայն ոչ կրճատումներ. Արման Թաթոյան

ՄԻՊ աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ են եղել, սակայն կրճատումներ չեն եղել: Մենք կրճատումներ չենք անելու, ընդհակառակը` անհրաժեշտ ենք համարում ներգրավել ֆինանսական ռեսուրսներ` աշխատակազմն առավել զարգացնելու համար: Իրավաբան.net-ը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ զրուցել է ՄԻՊ աշխատակազմում նոր փոփոխությունների և այս ինտիտուտի զարգացման ուղիների մասին:

-Պարոն Թաթոյան, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնը ստանձնելուց հետո ի՞նչ հիմնական խնդիրների առնչվեցիք և ինչպե՞ս հաղթահարեցիք կամ ինչպե՞ս եք հաղթահարում:

-Ես ՄԻՊ գործունեությունը պատկերացնում եմ առավելապես համակարգային փոփոխություններին ուղղված գործունեություն, որի շրջանակներում ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ և դրանց արդյունքում բացառվեն որոշակի նույնատիպ իրավիճակներում մարդու իրավունքների խախտումները: Հատկապես կարևոր է անհատական դիմումների ուսումնասիրության միջոցով հասկանալ, թե դրանց հետևում թաքնված ինչ համակարգային խնդիրներ կան, որտե՞ղ է խնդիրների արմատը և աշխատենք այդ ուղղությամբ:

Չափազանց կարևոր եմ համարում դիմումների արագ արձագանքման գործընթացը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այդ հարցում մեզ օրենսդրական նոր կարգավորումներ են պետք:

Վերջերս ՄԻՊ աշխատակազմում ստեղծվեց երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հատուկ բաժին: Սա պայմանավորված էր 2013 թվականին ընդունված ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի Հայաստանի վերաբերյալ հանձնարարականով, որով ուղիղ պահանջ կար ՄԻՊ աշխատակազմում այդպիսի բաժնԻ ստեղծման վերաբերյալ: Այժմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ լայն համագործակցություն ենք նախատեսում` հենց այս ոլորտում ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված:  Խոսքը վերաբերում է  երեխաների իրավունքների պաշտապանության միասնական մեխանիզմ ստեղծելուն:

Իմ ուշադրության կենտրոնում է լինելու դատական իշխանության հետ համագործակցությունը:  Առաջին հերթին խոսքը վերաբերում է սահմանադրական դատարանին: Դուք գիտեք,  նոր Սահամանդրությամբ ՄԻՊ-ը հանդես է գալիս որպես վերացական սահմանադրական վերահսկող սուբյեկտ: Սահմանադրության մակարդակով ամրագրված այս լիազորությունը չափազանց կարևոր նշանակություն ունի: Ես պատրաստվում եմ իմ գործունեության ընթացքում ակտիվացնել այս գործառույթը:

Կարևոր է նաև մեր աշխատանքը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Շուտով կստեղծվի ՄԻՊ-ին կից խոշտանգումների կանխարգելման խորհուրդը, որը եղել է նախկինում, պարզապես իմ նախաձեռնությամբ խորհրդի գործունեության կարգում փոփոխություններ արվեցին, որոնք անհրաժեշտ էին` Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշներից ելնելով: Այժմ խորհուրդը  կգործի նոր կազմով. այն բաղկացած է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից և անկախ փորձագետներից: Ընդհանրապես, քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ համագործակցությունն ունի կարևոր նշանակություն:

Կարևորում եմ նաև Ազգային ժողովի հետ ինստիտուցիոնալ համագործակցությունը, մասնագիտացած հանձնաժողովների, նաև առանձին պատգամավորների հետ, ինչի մասին ես խոսել եմ նաև իմ նախընտրական փուլում: Օրենսդրական նախաձեռնություն կա արդեն, շուտով կհրապարակենք:

Ասացիք, որ անհատական դիմումների վերլուծության միջոցով համակարգային խնդիրները պետք է լուծվեն: Ինչպե՞ս եք իրականացնելու դա:

-Ունեք անհատական դիմումներով զբաղվող ստորաբաժանումներ, օրինակ` զինվորական ծառայողների իրավունքների,  քաղաքացիական, սոցիալ-տնտեսական,  մշակութային իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և  վատ վերաբերմունքի կանխագելման վարչություններ:

Մենք, երբ անհատական դիմումն ուսումնասիրում ենք և տեսնում, որ կա համակարգային խնդիր (օրինակ` մարդը չի կարողանում իրացնել իր իրավունքը ոչ թե պետական մարմնի կամայականության, այլ օրենսդրական համապատասխան կարգավորումների բացակայության կամ հակասահմանադրական խնդրի հետևանքով), ապա դիմումը վերահասցեագրվում է իրավական վերլուծության  ստորաբաժանմանը, որը պատասխանատու է օրենսդրական նախագիծ պատրաստելու կամ նպաստելու, որպեսզի օրենսդրական առաջարկ ներկայացվի այս կամ այն մարմնին:

Մենք քաղաքացուն տեղեկացնում ենք, որ իր դիմումի ուսումնասիրության  արդյունքում հանգել ենք այս կամ այն եզրակացությանը,  այժմ լրացուցիչ ուսումնասիրություններ ենք կատարում այս ուղղությամբ  և արդյունքների վերաբերյալ կտեղեկացնենք:

-Ձեր կողմից վեր հանած այնպիսի համակարգային խնդիրներ կա՞ն, որոնց կարող եք անդրադառնալ:

–  Իհարկե, եթե Դուք ուսումնասիրեք մարդու իրավունքների պաշտպանի  տարեկան զեկույցները, ապա կտեսնեք, որ բոլորում էլ համակարգային խնդիրներ են բարձրացվում: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է որդեգրի և իրականացնի ինստիտուցիոնալ քաղաքականություն, այսինքն` Մարդու իրավունքների նախորդ պաշտպանի կողմից վերհանված խնդիրները մենք չենք պատրաստվում դնել մի կողմ և սկսել զրոյից: Մեր խնդիրն է հիմա վերլուծություններ անելիս ավելի հրատապ պահաջներն մատնանշել և առաջ շարժվել:

– Ի՞նչ գործառույթներ է ունենալու և ինչպե՞ս է աշխատելու երեխաների իրավունքների պաշտպանության վարչությունը:

-Մենք երեխաների իրավունքների պաշտպանության վարչությունը հատուկ ստեղծել ենք ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի խորհրդատվական զեկույցում նշված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև ուսումնասիրել ենք եվրոպական երկրների փորձը, որը ցույց տվեց, որ այսպիսի ստորաբաժանումները  ամենօրյա, առօրյա գանգատների ուսումնասիրությամբ չեն զբաղվում, այլ առավելապես զբաղվում են համակարգային բնույթի խնդիրների ուսումնասիրմամբ, դրանց վերհանմամբ  և դրանց վերացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելով կամ  առաջարկներ ներկայացնելով:

Այս վարչությունը սերտ աշխատելու է այն բոլոր բաժիների հետ, որոնք զբաղվում են անհատական բողոքներով, հատկապես նկատի ունեմ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի  կանխագելման վարչությունը, որոնց աշխատակիցները մոնիտորինգային այցեր են կատարում  ազատազրկման վայրեր, անչափահասների պահման տարբեր վայրեր: Այսպիսով, անհատական բողոքներից բացի, մենք նաև անմիջականորեն խնդիրները նկատելու հնարավորություն ենք ունենում: Մենք ստանում ենք այդ տեղեկությունը և, եթե համակարգային խնդիրներ ենք արձանագրում, մասնագիտացված և պրոֆեսիոնալ վերլուծություններ են արվում այս ստորաբաժանման կողմից: Այս բաժինը նաև պետք է սերտ համագործակցի պետական մարմինների  մեր գործընկերների  և քաղաքացիական հասարակության հետ:

– Նախորդ շաբաթ թերթերից մեկում խուճապ առաջացնող մի հրապարակում էր արվել այն մասին, որ Նոր Արեշի մանկապարտեզներից մեկում երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվում աշխատակիցների կողմից: Արդյո՞ք այդ հոդվածը կարող է հիմք լինել, որպեսզի համապաստասխան ստորաբաժանման աշխատակիցները սկսեն զբաղվել այս խնդրով:

– Երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքը անթույլատրելի է, և երկրորդ կարծիք այդ հարցի շուրջ չի կարող լինել: Մենք մանրամասն կնայենք և կտեսնենք, թե ինչի մասին է խոսքը: Ինձ դա  շատ անհանգստացրեց: Սակայն այդպես շատ է լինում, օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանը կարող է իրավասու մարմնին գրել և ասել, որ մենք այսպիսի տեղեկություն ունենք և պահանջել, որ անհապաղ ստուգեն  և ներկայացնեն իրենց քննարկման արդյունքները:

Ընդ որում, ես տեղյակ եմ մեր աշխատակազմի ողջ շրջանառության  մասին: Ճիշտ է, դա ժամանակատար է, բայց օգնում է, որ լիարժեք պատկերացնես, թե ինչ է կատարվում ինստիտուտում կամ ինչ ինֆորմացիոն հոսքեր կան` կապված բողոքների հետ: Սա կարևոր է այն իմաստով նաև, որ մենք աշխատակիցների միջև միշտ ինտերակտիվ կապ ենք պահպանում` քննարկումների միջոցով, և այլն:

-Պարոն Թաթոյան, նաև խոսեցիք դատարանների հետ համագործակցության մասին: Խնդրում եմ նշեք նաև, թե դա որքանով կարող է վերաբերել այն հարցին, որ ՄԻՊ-ը  չի միջամտում դատավարությանը, փոփոխություններ նախատեսվու՞մ են:

Մարդու իրավունքների պաշտպանը դատական վարույթին չի կարող միջամտել և փոփոխություններ չեն կարող արվել այդ ուղղությամբ, քանի որ մենք ունենք և’ սահմանադրական դատարանի որոշում, և’ միջազգային չափանիշներ: Բացի այդ, մենք ունենք կարգավորում, որ Մարդու իրավունքների պաշտպանը դատարաններից և դատավորներից պարզաբանումներ պահանջել չի կարող և չի քննում այն գործերը, բողոքները, որոնք ենթակա են լուծման դատական կարգով: Բայց դատական իշխանության հետ մենք  համարգործակցության այլ մակարդակ կարող ենք ունենալ, մասնավորապես` Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպեսև ցանկացած քաղաքացի, կարող է մոնիտորինգի ենթարկել դատական նիստերը և վեր հանել որոշակի հարցի վերաբերյալ համակարգային խնդիրներ, առաջարկներ ներկայացնել բարելավման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարող է դիմել բարձրագույն դատական խորհուրդ`  դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացնելու իրավունքով: Դա արդեն հատուկ  լիազորություն է:

Ինչպես արդեն իսկ նշեցի, շատ եմ կարևորում սահմանադրական դատարանի հետ աշխատանքը, քանի որ այս մարմնի հետ համագործակցության արդյունքում հնարավոր է իրավունքների պաշտպանության ոլորտում բարելավումներ իրականացնել:

-Պարոն Թաթոյան, այս պաշտոնում նշանակվելուց հետո քննադատությունների թիրախում հայտնվեցիք` Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցի հրապարակման հետ կապված…

-Մարդու իրավունքների պաշտպանը, երբ որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում կամ զեկույց է հրապարակում, պետք է ամբողջական ինֆորմացիա ունենա: Մարդու իրավունքների նախկին պաշտպանի հանրաքվեի վերաբերյալ 67 ահազանգ է  ներկայացվել իրավապահ մարմիններին, և դրանց քննության վերաբերյալ վերջնական գնահատականները մենք ստացել ենք 2016 թվականի ընթացքում: Ինչպե՞ս կարող էինք մենք այդ զեկույցը այդ ժամանակ հրապարակել. դա կլիներ կիսատ զեկույց  և չէր արտահայտի այդ 67 ահազանգերի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը: Զեկույցն այս պահին ամփոփման փուլում է և շուտով կհրապարակվի:

-Վերջին օրերին մամուլում հրապարակումներ են լինում  ՄԻՊ աշխատակազմում կրճատումների մասին, ի՞նչ կասեք այս մասին:

-ՄԻՊ աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ են եղել, սակայն կրճատումներ չեն եղել: Մենք կրճատումներ չենք անելու, ընդհակառակը` անհրաժեշտ ենք համարում ներգրավել ֆինանսական ռեսուրսներ` աշխատակազմն առավել զարգացնելու համար: Կառավարության քաղաքականությունը ես հասկանում եմ, մենք նույնպես խրախուսում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ կոռուպցիան ազդում է մարդու իրավունքների պաշտպանության վրա նույնպես: Սակայն այս ՄԻՊ աշխատակազմում կրճատումներ չեն լինելու:

Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյանի
Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել