Ուշադրություն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածում սահմանված է.

«1. Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների և կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:

3. Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

4. Կոչման համար հավելավճարը տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, քննչական կոմիտեի ծառայողներին, ընդ որում, հարկային և մաքսային ծառայողներին հավելավճարը տրվում է միայն առավել բարձր հավելավճար նախատեսող կոչման համար, իսկ նույն չափով հավելավճար նախատեսող կոչումների համար հավելավճարը տրվում է այդ կոչումներից միայն մեկի համար: Տվյալ մարմնում ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:

5. Քաղաքացիական ծառայողին, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին, դատախազության աշխատակազմում պետական ծառայողին, դատական ծառայողին (այդ թվում` Սահմանադրական դատարանի աշխատակազմում դատական ծառայողին) հավելավճար է տրվում միայն յուրաքանչյուր ծառայությունում տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի չափով, ընդ որում, քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին սույն մասով նախատեսված հավելավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունենալու դեպքում:

6. Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում աշխատելու ժամանակահատվածում:

7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը [հիմնական աշխատավարձի 30 տոկոսը]»:

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել