Մխիթար Գոշի պատգամները մինչև օրս գործում են. տեղի ունեցավ հայ մեծ օրենսդիրի հուշարձանի բացումը

Մայիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի վարչական շենքի բակում տեղի է ունեցել Մխիթար Գոշի հուշարձանի բացման արարողությունը:
Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը) (16.06.1923 – 23.03.2009):
Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։
Միջոցառումը սկսվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արեքպիսկոպոս Կճոյանի աղոթքով:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նա մասնավորապես նշել է, որ Մեծ Վարդապետի թողած ավանդն անգնահատելի է Հայաստանի հոգևոր և աշխարհիկ կյանքի կանոնակարգման, միջնադարյան աշխարհին դեռևս անհայտ բարոյականության նոր և ժամանակակից լուծումներ առաջարկելու խիզախությամբ և մինչ օրս կիրառելի պատգամներով Անդրադառնալով Գոշի փիլիսոփայությանը և աշխատություններին՝ Արա Զոհրաբյանն ընդգծել է, որ Գոշի փիլիսոփայությունը հյուսվում է խոհեմ, շրջահայաց և բարձր իրավագիտակցությամբ հայի տեսակ ձևավորելու շուրջ: Նրա Դատաստանագրքի երբեմն խիստ օրենքները միտված են հանցանքից զերծ պահելուն: Զոհրաբյանը ուշադրություն է հրավիրել նրան, որ 12-րդ դարում, երբ Եվրոպան Խաչակրաց արշավանքներ էր ձեռնարկում, Հայաստանի հեռավոր վանքերից մեկում Մխիթար Գոշն առաջարկում էր օրինապահ քաղաքացու հետաքրքիր մոդել, ինչը իրավական մտքի գյուտ էր…
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Մխիթար Գոշի ժառանգությունը Պատմություն և արդիականություն գիտագործնական ձեռնարկի հեղինակ Գառնիկ Սաֆարյանը, գրող հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանը: Ցուցադրվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանների երեխաների ջանքերով բեմադրված Մեծ Վարդապետ Մխիթար Գոշի առակներից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել