Ամբաստանյալները Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի երկու աշխատակիցներ են

Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, նշանակվել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի պետի օգնական, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի վարորդ, ոստիկանության ավագ Արմեն Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Արա Կիրակոսյան պաշտպան Արայիկ Ալվանդյանը և ամբաստանյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան Նարինե Պողոսյանը միջնորդություն էին ներկայացրել դատարանին գործի քննությունը հետաձգելու համար` դատարան ամբաuտանյալի անձը բնութագրող տվյալներ, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները հավաստող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:
Դատաքննության ընթացքում դատարանն իրեն ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո, արագացված դատաքննության կարգով, անցավ դատական վիճաբանությունների փուլին: Գործով պետական մեղադրող դատախազ Հարությունյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց գործի քննությունը հետաձգելու խնդրանքով` դատարանից բավարար ժամանակ խնդրելով մեղադրական ճառին պատրաստվելու համար:
Դատարանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը և գործի հերթական դատական քննությունը նշանակեց սույն թվականի հոկտեմբերի 4-ին, ժամը 17:00-ին:
Նշենք, որ ամբաստանյալներ Արա Կիրակոսյանին և Արմեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջիններս 2012թ. հունիսի 26-ին, ժամը 19:30-ի սահմաններում, խմբով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Երևանի Արմենակյան փողոցում գտնվող «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու բակում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մոմ վաճառելու հարցի շուրջ մոտ 20 րոպե տևողությամբ վիճաբանել են մոմավաճառ Հարություն Ավետիսյանի հետ և ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք բակում գտնվող քաղաքացիների նկատմամբ տվել են հայհոյանքներ, որի ընթացքում բռնություն են գործադրել և ձեռքերով, ոտքերով հարվածել են գործով տուժող Հարություն Ավետիսյանի մարմնի տարբեր մասերին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս` ձախ բազկի շրջանի արյունազեղման, աջ աչքի անկյան շրջանի, ստորին ծնոտի աջ կեսի և աջ արմնկահոդի շրջանի քերծվածքների տեսքով։

Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել