Ոստիկանության պահանջն այն է, որ օրենքով գործեն բոլորը, այդ թվում և թիկնապահներն ու նրանց ծառայություններից օգտվողները

Սեպտեմբերի 22-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը:

Խորհրդակցության սկզբում նշելով, որ դրական տեղաշարժ է արձանագրվել ծառայության աշխատանքում` Սաշա Աֆյանը նկատեց, որ այնուամենայնիվ, դեռևս կան թերացումներ ու բացթողումներ, որոնց վերացման ուղղությամբ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:

Ոստիկանության պետի տեղակալը խորհրդակցության մասնակիցներին հրահանգեց պատշաճ ուշադրություն դարձնել անձնակազմի, հատկապես երիտասարդ կադրերի հետ տարվող աշխատանքին, մասնավորապես` ծառայողական պարտականությունների լիարժեք կատարման, ծառայողական էթիկայի պատշաճ մակարդակի պահպանման, երթևեկության մասնակիցների հետ շփման և մի շարք այլ ոլորտներում, որոնցով պայմանավորված է Ճանապարհային ոստիկանության ծառայության որակական բարեփոխումը:

Նշելով, որ զգալի աշխատանք է տարվում անսարք կամ աղմուկով երթևեկելու նպատակով հատուկ սարքավորված խլացուցիչներով, օրենքով արգելված ազդանշանային սարքերով ավտոմեքենաների, ինչպես և թափքի ծածկեր չունեցող բեռնատարների երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ` Սաշա Աֆյանն ընդգծեց, որ այդ միջոցառումները երթևեկության անվտանգության ապահովման կարևոր բաղկացուցիչն են և պետք է ամենօրյա ու հետևողական լինեն:

Անդրադառնալով, այսպես կոչված` թիկնազորների ավտոմեքենաների երթևեկին` Սաշա Աֆյանը նշեց, որ դրա կանոնակարգումը որևէ մեկի իրավունքի կամ իրավասության սահմանափակում չէ: Ոստիկանության պահանջն այն է, որ օրենքով գործեն բոլորը, այդ թվում և թիկնապահներն ու նրանց ծառայություններից օգտվողները: Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը գերակա է, և Ճանապարհային ոստիկանության ծառայողները նույնը պահանջելու են երթևեկության մասնակիցներից:

Սաշա Աֆյանը ստորաբաժանումներին պատասխանատուներին հրահանգեց շարունակել աշխատանքը դպրոցամերձ տարածքներում երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ` նշելով, որ դա մեկանգամյա միջոցառում չէ, այլ տևելու է ողջ ուսումնական տարվա ընթացքում` նպատակ ունենալով պահպանել երեխաների անվտանգությունը, կյանքն ու առողջությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Ճանապարհային ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ օրախնդիր ու հեռանկարային հարցեր ևս:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել