ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ. ԼՂ հակամարտության հիմնախնդիրը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա

Ստրասբուրգյան հանդիպումների շարքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ:
Շնորհակալութուն հայտնելով հանդիպման համար` ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի ելույթը համաժողովում: Նա դատապարտեց Սաֆարովի հետ կապված դեպքը` դրական գնահատելով բանակցային գործընթացից դուրս չգալու Հայաստանի պահվածքը: Տարածաշրջանային խնդիրների կարգավորման առումով` պարոն Միլյորին կարեւոր համարեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և այս համատեքստում առանձնացրեց խորհրդարանների դերակատարությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարծիք հայտնեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահմյանը ընդգծեց, որ հայկական կողմը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ` նշելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: «Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և կարեւորում է փոխվստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Իսկ Ադրբեջանի պահվածքը և վերջին իրադարձությունները` կապված սաֆարովյան գործի հետ վտանգում են բանակցային գործընթացը եւ սպառնում տարածաշրջանի կայունությանը»,- նշեց ԱԺ նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս՝ տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել