ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց և նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց  «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  և  մի շարք  այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Ըստ  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝  օրենսդրական փոփոխությունների փաթեթի ներկայացումը պայմանավորված է հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունը հայերեն ժեստերի լեզվով իրականացնելու անհրաժեշտությամբ:  Նպատակն է նպաստել լսողության խանգարումներով անձանց կարողությունների զարգացմանը և ներգրավվածությանը հասարակության կյանքին, նրանց հիմնարար, մասնավորապես տեղեկատվության և կրթության իրավունքների պաշտպանությանը:

Հանձնաժողովը քննարկեց նաև  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  և «Կրթության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ևս ներկայացրեց  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս այն անվանեց անկյունաքարային, հեղափոխական նախաձեռնություն ոչ միան Հայաստանի կրթության ոլորտում, այլեւ ողջ ԱՊՀ տարածքում: Նախաձեռնության նպատակն է ապահովել երեխայի՝ անհատական տարբերություններից եւ հաշմանդամությունից անկախ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորումը, որը կերաշխավորի բոլորի համար կրթության հավասարության իրավունքը: Քվեարկության արդյունքում, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց  փաթեթը նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար, սակայն որոշեց անցկացնել նաեւ խորհրդարանական լսումներ:

Նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ  նաև  «Կրթության պետական տեսչության մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ կրթության պետական տեսչությանը կրթության բնագավառի պետական վերահսկողություն իրականացնելու հնարավորություն տալ ոչ միայն հանրակրթական և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, այլև միջին և բարձրագույն մասնագիտական ոլորտներում:

Հանձնաժողովը քննարկեց եւ նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց  նաև  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը վերաբերում է ռազմական կրթական ծրագրերի, ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի սահմանման անհրաժեշտությանը:

Հանձաժողովի անդամներն ի գիտություն ընդունեցին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թ. գործունեության մասին հաղորդումը՝  ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի զեկուզմամբ, և Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը ներկայացրեց  խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը՝ տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը  հաստատեց  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից  Երիտասարդական խորհրդարանի կազմավորման և գործունեության կարգը: 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել